Բաքվում ընդդիմության միտինգը վերածվել է մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախման
Նմանատիպ
Ադրբեջանի ժողովրդավար ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» դաշինքի’ հոկտեմբերի 12-ին Բաքվի Յասամալի շրջանի «Մեհսուլ» մարզադաշտում անցկացրած արտոնված միտինգը, որը նվիրված էր այդ երկրում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների կեղծմանը, վերածվել է մասնակցիների եւ ոստիկանության միջեւ բախման:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, միտինգի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները: Նրանք ձեռքներին «Ոչ բռնապետությանն ու բռնապետին», «37 թիվ չենք ուզում», Իլհամ, դավայ դո սվիդանիա», «Ազատել քաղբանտարկյալներին», «Մեր նախագահը Ջամիլ Հասանլին է», «Վերջ այս ռեժիմին, այս դինաստիային» բովանդակությամբ պաստառներ են պարզել:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ իշխող ռեժիմը հոկտեմբերի 9-ին հերթական անգամ գողացել է ժողովրդի ձայնը, այդ պատճառով այս իշխանությունների ապօրինությունների դեմ պայքարը չի դադարելու, երկրի ճակատագիրը նրա ժողովրդի ձեռքում է:
Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ 2003 թ-ին Իլհամ Ալիեւը հաղթանակը գողացել է իրենից, իսկ այսօր’ Ջամիլ Հասանլիից: Նա ասել է, որ Իլհամ Ալիեւի լեգիտիմությունը չի ճանաչվելու, եւ նրա համար լավագույն ելքը հոժարակամ հեռանալն է, քանի որ հասարակությունը նրան չի ընդունելու:
Ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին ասել է, որ ընդդիմությունը 2500 ընտրատեղամասերից տվյալներ ունի ընտրախախտումների եւ զանգվածային կեղծարարությունների մասին, եւ այդ պետական հանցագործության մեջ մեղավորները վաղ թե ուշ պետք է պատասխան տան դրա համար:
Նա ասել է, որ ընդդիմությունը չի դադարեցնում պայքարը եւ հոկտեմբերի 14-ին «Ազգային խորհրդի» առաքելությունը մեկնելու է Բրյուսել եւ Ստրասբուրգ, իսկ հետո ԱՄՆ’ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ ԱՄՆ աշխատակազմի հետ հանդիպումներ եւ բանակցություններ անցկացնելու համար:
Ջամիլ Հասանլին ամոթալի է համարել իշխանությունների օգտին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, Թուրքիայի «Մարմարա» խմբի լոբբիստների գործունեությունը: Միտինգի մասնակիցները բանաձեւ են ընդունել, որում հոկտեմբերի 9-ի ընտրությունները համարել են անազատ, անարդարացի եւ կեղծված: «Ընտրողների մեծամասնությունը քվեարկել են Ջամիլ Հասանլիի օգտին: Այդ պատճառով, հայտարարված արդյունքները չեն կարող ընդունվել եւ լեգիտիմ համարվել: Այդ ընտրությունները պետք է չեղյալ հայտարարվեն եւ անցկացվեն նոր ընտրություններ», -աս? ?ած է ընդդիմության ընդունած բանաձեւում:
Միտնիգի ավարտին, մասնակիցները «Հրաժարական», «Ազատություն» լոզունգներ են հնչեցրել, ինչին միջամտել է ոստիկանությունը: Միտինգավորների եւ ոստիկանության միջեւ դիմակայություն է ծագել: Ոստիկանությունը ուժ է կիրառել միտինգը ցրելու համար: Ոստիկանության հետ բախումը վերածվել է ծեծկռտուքի: Ոստիկանության աշխատակիցները մահակներով ծեծի են ենթարկել իրենց հանդիպած յուրաքանչյուր մարդու: Անկարագություները Բաքվում դեռեւս շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում