Ամերիկայի ադրբեջանցիներն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ են արել չշնորհավորել Իլհամ Ալիեւին
Նմանատիպ
ԱՄՆ-ում գրանված «Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» (AZAD) կազմակերպությունը Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների առնչությամբ տարածած հայտարարության մեջ ԱՄՆ-ի բոլոր պաշտոնյաներին կոչ է արել «չլեգիտիմացնել անընդունելի պայմաններում անցկացված եւ բացահայտ կերպով կեղծված ընտրությունների» արդյունքում Իլհամ Ալիեւի վերընտրությունը նախագահի պաշտոնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է AzeriReport.com լրատվական կայքը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը եւ ԵԱՀԿ ժողվրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն արդեն ճանաչել են այն փաստը, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով եւ կեղծարարություններով:
Կազմակերպության անդամները ցավով նշել են, որ չնայած դրան, որոշ սենատորներ եւ նահանգապետեր շնորհավորանքներ են հղում Իլհամ Ալիեւին:
«Սեփական ժողովրդի դեմ կեղծարարություն կատարած, կոռուպցիայի մեջ թաղված արտասահմանյան բռնատերին շնորհավորելը ոչ մի բացատրություն չունի: Այդ գործողությամբ’ այս պաշտոնական անձինք դավաճանել են Ամերիկայի ժողովրդավարական արժեքներին եւ իրենց ընտրողների հավատին», – նշված է հայտարարությունում: Դրա հետ միասին, Ամերիկայի ադրբեջանցիները բոլոր պաշտոնատար անձանց կոչ են անում «չդավաճանել ժողովրդավարության իդեալներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում