Թուրքիայում կրկին շահարկվում է նախագահ Գյուլի հայկական ծագում ունենալու հարցը
Նմանատիպ
Թուրքիայի քեմալական’ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախկին պատգամավոր Ջանան Արըթմանը, ով հայտնի է իր սկանդալային հայտարարություններով եւ ընդգծված հակահայ կեցվածքով, կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայկական ծագման մասին: «Դեռ ուսանող ժամանակ գիտեի Գյուլի հայկական ծագման մասին»,- թուրքական Internethaber.com կայքին ասել է նա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արըթմանն այդ հայտարարությունը զայրացած արել է այն ժամանակ, երբ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է, որ «Ջանան Արըթմանն այլեւս ԺՀԿ պատգամավոր չէ»’ պատասխանելով հենց իր’ նախագահ Գյուլի ծագման հարցը շահարկող հարցին:
Թուրքական կայքը նշում է, որ Քըլըչդարօղլուի նման պատասխանը խիստ վիրավորել է Արըթմանին, ով ասել է, որ ժամանակին ինքը Գյուլի թեկնածությանն առարկել է ոչ թե նրա էթնիկ պատկանելության պատճառով, այլ նախագահի պաշտոնում անկողմնակալություն պահանջող հարցում այդ սկզբունքը չխախտելու անհրաժեշտությունը պահպանելու համար:
«Երբ դեռ Էգե համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող էի, նյարդաբանության պրոֆեսոր Ահմեդ Սաթօղլուն, ով նախագահի քեռին է, պատմել է, որ իր մայրը, այսինքն’ Գյուլի տատը, հայ է եւ փրկվել է տեղահանության ժամանակ: Ես հարգում եմ բոլորի էթնիկ արմատները, եւ իմ 24 տարվա քաղաքական կարիերայում երբեք այդ տեղեկությունը չեմ օգտագործել, պաշտոնավարման տարիներիս մյուս ԺՀԿ-ականների նման էթնիկ խտրականություն, ռասիզմ չեմ դրսեւորել»,- ասել է նա’ նշելով, որ անկախ ԺՀԿ անդամ է, թե ոչ, ինքը միշտ հավատարիմ է մնում քեմալական սկզբունքներին:
Ջանան Արըթմանը Իզմիրի քաղաքապետի թեկնածու է: «Անգամ 2007 թ-ին, երբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն Իզմիրում հայտարարում էր, որ «կրոնական, մահմեդական նախագահ ենք ընտրելու», ես չեմ բացահայտել Գյուլի էթնիկ ինքնությունը: Ես ամենից առաջ բժիշկ եմ, եւ մարդուն որպես մարդ եմ տեսնում»,- ասել է Իզմիրի քաղաքապետի թեկնածուն:
Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր նաեւ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղուի’ «ազգությամբ հայ Արմուշի որդին» լինելու մասին, սակայն ոչ նա, եւ ոչ էլ Աբդուլլահ Գյուլը պաշտոնապես ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այդ տեղեկությունները: Հետաքրքիր է, որ թուրքական մամուլը վերջերս հայտնել էր, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս ծագումով թուրք չէ, եւ որ նրա հայրը ծագումով աջար է, իսկ մայրը’ լազ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում