Իրանը միջուկային հիմնախնդրի կարգավորման նոր ծրագիր է ներկայացրել

Միջազգային միջնորդների «վեցյակը» եւ Իրանի պատվիրակությունը հոկտեմբերի 16-ին Ժնեւում կշարունակեն քննարկել իրանական միջուկային ծրագիրը: Բանակցությունների առաջին օրը կողմերն անցկացրել են երկու հանդիպում: Առաջին հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը գլխավորում է պատվիրակությունը, միջազգային միջնորդներին ներկայացրել է երկրի միջուկային հիմնախնդրի կարգավորման եւ բանակցային գործընթացի շարունակման նոր ծրագիրը: Դրանից հետո կողմերը ձեռնամուխ են եղել ծրագրի մանրակրկիտ քննարկմանը:

Այսօր բանակցությունները կշարունակվեն: Իրանի ԱԳ նախարարի կողմից ծրագրի ներկայացվելուց հետո դրա մանրամասները քննարկում են «վեցյակի» քաղաքական տնօրենները: Նրանք պայմանավորվել են ծրագրի դրույթները գաղտնի պահել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել հասնել ընդհանուր համաձայնեցված որոշման: Սակայն իրանական պատվիրակության կազմում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել տարբեր հարցեր, բայց անառարկելի է համարում խաղաղ նպատակներով ուրանի հարստացման երկրի իրավունքը: Նաև հայտնի է դարձել, որ իրանական կողմը երկ րի դեմ գործող պատժամիջոցների վերացման հարց է դնում:

Բանակցությունների առաջին օրվա ավարտից հետո Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն կոմիսարի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մանը լրագրողներին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները կարող են հանվել միայն այն դեպքում, եթե Թեհրանն իրական քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրին վերաբերող հարցերում պարզություն մտցնելու համար:

Բանակցությունների առաջին օրվա արդյունքում կողմերը նշել են դրանց կառուցողական բնույթը: «Մենք դրական շարժ ենք տեսնում Թեհրանի կողմից, լսում ենք հայտարարություններ այն մասին, որ Իրանը մտադիր է ապահովել իր միջուկային ծրագրի թափանցիկությունը»,- ասել է Մայքլ Մանը:
Մինչդեռ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում հայտարարել են, որ առայժմ չեն կարող բեկում արձանագրել բանակցություններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում