ԵՄ տրամադրված է նոր կարգավիճակով շարունակել թիմային աշխատանքը Հայաստանի հետ. Չեխիայի հատուկ դեսպանորդ
Նմանատիպ
Եվրոպական միությունը տրամադրված է նոր կարգավիճակով շարունակել թիմային աշխատանքը Հայաստանի հետ: Հոկտեմբերի 16-ին հրավիրված «Արևելյան գործընկերության չորս տարիները’ արդյունքներ և մարտահրավերներ: Հայաստանի քաղաքական գործիչների և փորձագետների տեսակետները» գիտաժողովի ժամանակ իր զեկույցում նշել է Արևելյան գործընկերության հարցերով Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը: «Եվրոպական միությունում մենք բոլորս փորձում ենք վերլուծել նոր իրավիճակը: Հայաստանի խնդրի վերաբերյալ հանդիպումներ են ընթանում գրեթե ամեն օր’ Եվրոպական Խորհրդի, խորհրդարանի մակարդակով: Մենք դեռևս չենք հանգել վերջնական եզրակացության, սակայն մեկ բան հստակ է. ստեղծված իրավիճակն արտասովոր է, և մենք չենք կարող շարունակել այնպես, կարծես ոչինչ չի պատահել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշեց Արևելյան գործընկերության հարցերով Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը:
Դեսպանորդի հավաստմամբ, Բրյուսելը և եվրոպական մայրաքաղաքները բարեկամական են տրամադրված Հայաստանի նկատմամբ, և ընդհանուր նախատրամադրվածություն է տիրում շարունակել թիմային աշխատանքը Հայաստանի հետ’ արդեն նոր կարգավիճակով:
«Եվրոպական միությունը աշխարհաքաղաքական խաղ չի խաղում և չի խաղալու: Մենք այդ տեսանկյունից չենք մոտենում Հայաստանի կամ Ռուսաստանի հետ հարաբերություններին կամ ԱլԳ ապագային… Եվ ինձ համար’ որպես Եվրոպայի կենտրոնում գտնվող փոքր երկրի ներկայացուցչի, աշխարհաքաղաքականությանը դեմ լինելու կարևոր փաստարկ է այն, որ այդ քաղաքականությունը ենթադրում է կենտրոն և ծայրամաս: Ես իմ երկրի պատմությունից և սեփական փորձից գիտեմ, թե որքան դժվար է ծայրամասի պետություն լինել: Այսպիսով, աշխարհաքաղաքական խաղ չվարելը կարևոր է ոչ միայն Բյուսելի, այլև Հայաստ անի համար»,- ընդգծել է Պետր Մարեշը:
Գիտաժողովը կազմակերպվել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ACGRC) և ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից:
Զեկույցներով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան, Արեւելյան Գործընկերության հարցերով Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, Տարածաշրջանա յին հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, փորձագետ Վահագն Ղազարյանը և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում