ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը չի ազդի Ռուսաստանի տնտեսության վրա. Սիլուանով
Նմանատիպ
ԱՄՆ-ի հնարավոր տեխնիկական դեֆոլտը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի տնտեսության վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չունենք այդպիսի կարճաժամկետ արժեթղթեր,-ասել Է նա:-Մեզ համար ոչ մի հետեւանք չի լինի այն դեպքում, եթե դեֆոլտ տեղի ունենա: Բայց ես հուսով եմ, որ կողմերը պայմանավորվածության կհասնեն»,-հավելել Է ֆինանսների նախարարը:
Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Բանկի առաջին փոխնախագահ Կսենյա Յուդաեւան նույնպես հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պետական արժեթղթերի հավանական դեֆոլտը միայն անուղղակի ազդեցություն կունենա Ռուսաստանի ֆինանսական համակարգի վրա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բյուջետային ճգնաժամը կլուծվի, թեեւ դրա համար քիչ ժամանակ է մնում: «Ես ակնկալում եմ, որ դա կլուծվի, բայց մենք քիչ ժամանակ ունենք»,- ասել է Օբաման «ABC» հեռուստաընկերության Նյու Յորքի մասնաճյուղին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հարցն առաջվա պես կախված է հանրապետականներից, որոնք վերահսկում են Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը:
«Սենատում հանրապետականները եւ դեմոկրատները մոտ են համաձայնության հասնելուն: Խնդիրն այն է, որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն առաջվա պես հավատում են, որ իրենք կհասնեն զիջումների»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ հանրապետականները չեն ձգտում փոխզիջման, իսկ Սպիտակ տունը չի կարող համաձայնել այն բանին, որ բյուջեն ընդունելիս եւ պետական պարտքի լիմիտը բարձրացնելիս առաջադրվեն քաղաքական պայմաններ:
Նախօրյակին ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հետաձգել է քվեարկությունը պետական պարտքի լիմիտի բարձրացման եւ կառավարության աշխատանքի վերսկսման վերաբերյալ հանրապետականների ներկայացրած վերջին ծրագրի շուրջ:
Ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետական Փիթեր Սեշենսը հայտարարել է, որ համաձայնության գալու նոր փորձեր կձեռնարկվեն հոկտեմբերի 16-ին: Ընդսմին նա հայտնել է, որ համաձայնագրի նախորդ տարբերակները կամ բավարար աջակցություն չէին ստանում հանրապետականների պահպանողական մասի կողմից, կամ չէին գոհացնում դեմոկրատներին:
ԱՄՆ-ի Սենատը նույնպես կվերսկսի բանակցությունները ճգնաժամից դուրս գալու իր ծրագրի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում