Իրանն ու Եվրոպան համակարծիք են, իսկ Ռուսաստանը` սկեպտիկ

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ժնեւում Իրանի հետ կայացած երկօրյա բանակցությունները «ամենահանգամանալին» է համարել ողջ պատմության ընթացքում:

Ինչպես Էշթոնը, այնպես էլ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, բանակցային գործընթացը գնահատել են «բովանդակալից եւ ապագային միտված»:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսության հաջորդ փուլը պետք է տեղի ունենա նոյեմբերի 7-8-ին:

Ժնեւում քննարկումներն անցել են «5+1» խմբի ձեւաչափով, որի մեջ մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Գերմանիան:

Ինչպես նշվում է խմբի համատեղ հայտարարության մեջ, նրա ներկայացուցիչները ուշադիր կուսումնասիրեն Իրանի առաջարկները:
Զարիֆը Facebook-ի իր էջում նշել է, որ բանակցությունները կարող են շարունակվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Թեհրանում շատ դրական են գնահատել բանակցային գործընթացի առաջշարժումը, ընդսմին բանակցությունների ավարտից հետո Զարիֆը դրանք որակել է «մեր հարաբերությունների նոր փուլ»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնին ասել է, որ բանակցությունները ցուցադրեցին «ցայժմ չտեսնված լրջություն ու խորություն»:

Իրանում նշել են, որ Ժնեւի երկօրյա գագաթնաժողովում երկրի ներկայացրած ծրագիրը «բեկման հասնելու ներուժ ունի»:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը շատ ավելի զգուշավոր է եղել գնահատականներում: Նա ասել Է որ դեռ վաղ Է «բուռն ծափահարությունների» համար, նշելով, որ կարելի էր ավելին անել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում