ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը «մտացածին» եւ «անհիմն» է բնութագրել
Նմանատիպ
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի’ «Ռուսաստանում հակաադրբեջանական հիսթերիա բորբոքելու» մասին հայտարարությունն անհիմն է եւ մտացածին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Նա նշել է, որ Մոսկվայի արեւմտյան Բիրյուլեւո շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ռուսաստանյան ԶԼՄ-ներում եւ ՌԴ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների պաշտոնական մեկնաբանություններում ազգային ասպեկտների վրա շետադրություն չի արվել: «Մոսկվայում ելնում են օրենքի գերակայությունից եւ պատժի անխուսափելիությունից», -ասել է Լուկաշեւիչը:
«Այդ պատճառով նշում ենք, որ «Ռուսաստանում հակաադրբեջանական հիսթերիայի բորբոքման» մասին ադրբեջանական ներկայացուցչի հայտարարությունը մտացածին եւ հիմնազուրկ է», -հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին երեկ երեկոյան ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում դժգոհություն է հայտնել Մոսկվայի Բիրյուլեւոյի շրջանում մոսկվաբնակ Յուրի Շերբակովի սպանության մեծ կասկածյալ Ադրբեջանի քաղաքացի Օրխան Զեյնալովի ձերբակալության ժամանակ իրավապահների կողմից թույլ տրված «դաժանությունների» եւ այդ միջադեպը ռուսաստանյան ԶԼՄ-երով, իր խոսքով’ «հիսթերիկ վիճակի» հասցնելու համար: Նա ասել էր, որ ՌԴ ԶԼՄ-ները «կենցաղային հողի վրա» կատարված միջադեպի շուրջ հիսթերիա են բարձրաց րել’ շահարկելով սպանության մեջ կասկածվողի Ադրբեջանի քաղաքացի լինելը, ինչը հակաադրբեջանական տրամադրություններ է ստեղծել:
Իր խոսքում Փոլադ Բյուլբյուլօղլին ակնարկել է Ադրբեջանում համարժեք հակառուսական հիսթերիա բորբոքելու հնարավորության մասին:
Փոլադ Բյուլբյուլօղլին նաեւ կարծիք է հայտնել, որ հնարավոր է’ Մոսկվայի միջադեպը «որոշ ուժերի» պատասխանն է’ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցին: Նա նաեւ նշել է, որ հնարավոր է’ սպանության միջադեպը զանգվածային անկարգությունների վերածելու գործողությունները կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու նպատակով: «Եթե ուզում են վիզային ռեժիմ մտցնել, խնդրեմ, թող մտցնեն», -հայտարարել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում