ԱՄՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հայտարարությունը
Նմանատիպ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հոկտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ’ կրկին հերքելով հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների հարցով իշխանությունների հետ ամերիկացի դիվանագետների պայմանավորվելու առաջարկի մասին պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների պնդումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարությունում ասվում է. «Տեղեկություններ են տարածվել, այդ թվում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հայտարարությունն է այն մասին, թե ԱՄՆ-ն առաջարկել է ընտրություններին դրական գնահատկան տալու նպատակով գաղտնի պայմանավորվել դրանց արդյունքների մասին: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ պնդումները բացարձակ սուտ են: Մենք չենք քննարկելու մասնավոր դիվանագիտական հանդիպման բովանդակությունը: Նման հանդիպումների բովնադակության բացահայտումն անթույլատրելի է»:
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մեհտիեւը հայտարարել էր, որ պետքարտուղարության ներկայացուցիչները նախապես իշխանություններին առաջարկել էին ընտրություններում Իլհամ Ալիեւի օգտին հայտարարել ընտրողների 74-75 տոկոս ձայները, իսկ ընդդիմադիր «Ազգային խորհրդի» ներկայացուցչի օգտին’ 25 տոկոս քվե: Այդ դեպքում, Մեհտիեւի խոսքով, ամերիկացիները խոստացել էին դրական գնահատական տալ ընտրություններին:
Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը ճշտել էր, որ հիշյալ առաջարկը բխել է անձամբ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարից: Իշխանամետ 1news.az լրատվական կայքին տված հարցազրույցում Ասլանովը հայտարարել էր, որ «հենց դեսպան Մորնինգսթարն է առաջարկել կեղծել ընտրությունները»:
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հոկտեմբերի 14-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հնչեցրած տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ը խորհուրդ է տվել ընտրություններում Ջամիլ Հասանլիին 25 տոկոս ձայներ վերագրել, միանգամայն սուտ է»:
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ գերատեսչության ղեկավար Սաֆար Աբիեւի հետ մասնավոր հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը խոստովանել է, որ ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիեւը: Այդ պնդումը Մորնինգսթարի հերքելուց հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ եթե դեսպանատունը շարունակի պնդել իրենը, ապա գերատեսչությունը կարող է ներկայացնել ԱՄՆ դեսպանի խոսքերի ձայնագրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում