Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կեղծված էին

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Իրֆան Սիդդիգը հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները կեղծված է համարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանացի դեսպանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե նախկինում Մեծ Բրիտանիան «արաբական գարուն» տեսած երկրներում ուշադրությունը սեւեռում էր քաղաքական կայունությանը, ապա այժմ կարեւորում է դեմոկրատիայի զարգացման գործոնները:

Ադրբեջանում անցկացված ընտրությունների կապակցությամբ բրիտանացի դեսպանը հայտարարել է, որ միանշանակ համաձայն են եւ ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանում ընտրությունները ոչ դեմոկրատական եւ կեղծված լինելու մասին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հրապարակած նախնական զեկույցին:

«Ես անձամբ վկա եմ եղել Ադրբեջանում անցկացված ընտրություններում տեղի ունեցած կեղծարարություններին: Իմ հետեւած ընտրատեղամասում ձայները հաշվարկելու գործընթացը շատ վատ էր կատարվում: Ընտրությունների հետ կապված իմ կարծիքը չի տարբերվում Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումից: Մենք աչքի ենք անցկացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ նախնական կարծիքը: Գտնում ենք, որ նրանց եզրակացությունն ամենաընդգրկունն ու վստահելի աղբյուրն է: Մենք համաձայն ենք նրանց եզրահանգման հետ եւ աջակցում ենք: Հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը համապատասխան ե զրակացություն կանի եւ աշխատանքներ կտանի այդ թերությունները վերացնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Դեսպանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդրին: «Լրագրողների, ընդդիմադիրների քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունն ու կալանավորումը Ադրբեջանի համար օգտակար փորձ չէ եւ վնաս է հասցնում երկրի հեղինակությանը, շահերին եւ զարգացման ծրագրերին»,- ասել է Իրֆան Սիդդիգը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում