Ինչո՞ւ փոխվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարը
Նմանատիպ
Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում կատաղի մրցության մեջ մտած Ալիևների ռուսամետ «նախիջևանյան կլանի» եւ առաջին տիկնոջ հայրական կողմի’ արևմտամետ «Փաշաեւների կլանի» միջեւ իշխանության համար պայքարն ավարտվեց վերջինիս պարտությամբ: Դա հայտնի դարձավ հոկտեմբերի 22-ին’ Իլհամ Ալիեւի կողմից կառավարության նոր կազմը հրապարակելուց հետո, որում իրենց նախարարական պորտֆելները պահպանած «նախիջևանցիներին» ավելացել են եւս երկուսը’ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով համարվում է դեռեւս Հեյդար Ալիևի նախագահության ժամանակաշրջանից նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի մարդը, եւ Աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը, ով նախիջևանցի Քեմալադդին Հեյդարովի հովանավորության տակ գտնվող չինովնիկներից է:
«Կասկած չկա, որ կառավարության կազմում ամենամեծ եւ նշանակալից փոփոխությունը պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի պաշտոնանկությունն է: Այդ պաշտոնում նշանակված Զաքիր Հասանովը համարվում է «նախիջեւանյան կլանի» կադրը: Չնայած այդ կլանը երկար տարիներ գործադրում էր պաշտպանության նախարարությունը իր վերահսկողության տակ մտցնելու ջանքեր, չէր կարողանում հասնել դրան: Վերջապես, նա հասավ իր նպատակին: ՊՆ-ն գրաված «նախիջևանյան կլանը», կարելի է ասել, ապահովեց իր «հավիտենականությունը», իսկ նրա հիմնական մրցակից Փաշաեւների կլանը» կորցրեց իր կարևոր դիրքը: Այսպիսով’ «նախիջեւանյան կլանը» այս ընտրությունից ոչ միայն անկորուստ դուրս եկավ, նույնիսկ ամբողջությամբ վերացրեց իր գլխավերևի «սև ամպերը»», – նշում է կայքը եւ հավելում, որ նախագահական ընտրությունից հաղթող դուրս եկած «հին գվարդիան» ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց իրական իշխանությունն Ադրբեջանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է azpolitika.info լրատվական կայքը:
Կայքը նաեւ ընդգծում է, որ արեւմտամետ, ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերություններ ունեցող Սաֆար Աբիեւի փոխարեն ռուսամետ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակումը «նաեւ կարող է համարվել Ադրբեջանի իշխանության ապագա քաղաքական կուրսի մասին ծանուցում», ինչում հատուկ դերակատարություն է ունեցել «նախիջեւանյան կլանի» «կնքահայր» Ռամիզ Մեհտիեւը: «Երեւում է’ ընտրությունից հետո Արեւմուտքից միայն քննադատություն լսող իշխանությունը մտադիր է հայացքը միանշանակ կերպով ուղղել դեպի Հյուս իս: Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ ընտրությունից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու էր եկել ոչ հենց այնպես», -համոզմունք է հայտնում կայքը:
Ադրբեջան, հայացք, հյուսիս, ուղղել, ընտրություն, կլան, Հասանով: