Ադրբեջանի և Եվրոպայի միջև հերթական պատնեշը կառուցվեց

Եվրոպայի խորհրդարանը Ստրասբուրգում հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում քննարկել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների հարցը: Քվեարկության արդյունքում բանաձեւ է ընդունվել, որում Եվրախորհրդարանը «համերաշխությունն» է հայտնել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության’ Ադրբեջանում անցկացված ընտրության վերաբերյալ քննադատական զեկույցին:

Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում նշվում է. «Նախագահական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին»: Բացի դրանից, բանաձեւում Եվրախորհրդարանն Ադրբեջանի իշխանությունից պահանջել է առանց առարկության եւ անհապաղ ազատ արձակել կեղծ մեղադրանքներով կալանավորվածներին’ Մուսավաթ կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուին, REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, նաեւ այս տարի ձերբակալված քաղաքական 14 բանտարկյալներին: Եվրախորհրդարանն Ադրբեջանի կառավարությունը կոչ է արել արագ եւ լուրջ կերպով կյանքի կոչել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հանձնարարությունները:

Azpoltika.info լրատվական կայքը նշում է, որ Եվրոպայի խորհրդի այդ որոշումը ավելի է խորացնելու պաշտոնական Բաքվի եւ Արեւմուտքի միջեւ անդունդը, ինչը «հետադարձ չունեցող գործընթացների սկիզբ է նշանակում»: «Իշխող թիմում կատարված վերջին փոփոխությունները, հատկապես, պաշտպանության նախարարի հետ կապված որոշումը ցույց է տալիս, որ իշխանությունը եւս արդեն պատրաստվում է այդ գործընթացին: Ներքին զորքերի հրամանատարին պաշտպանության նախարար նշանակելը խոսում է այն մասին, որ իշխանությունը պատրաստվում է ներքին կայունությունն ապահովելու հարցում հետագայ ում ընդգրկել նաեւ բանակը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Արեւմուտքի հետ բացահայտ դիմակայության գնացող ռեժիմների կյանքը երկար չի լինում: Տեղի ունեցող իրադարձությունները գուժում են, որ Ադրբեջանին դժվար օրեր են սպասում»,- եզրակացնում է ադրբեջանական կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում