ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ
Նմանատիպ
Եվրոպական Միությունը պատրաստ է շարունակել բարեփոխումներին ձեռնամուխ եղած Հայաստանի հետ հետագա համագործակցությունը:ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի այն ոլորտները, որտեղ հնարավոր է շարունակել համագործակցությունը:Այդ մասին հոկտեմբերի 24-ին «Պատասխանատու ֆինանսներ Հայաստանում» թեմատիկ քննարկում-կոնֆերանսին ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:«Մենք վստահ ենք, որ բարեփոխումների օրակարգը կշարունակվի ի բարօրություն Հայաստանի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մորելը:
Դիվանագետն անդրադարձավ Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությանը: «Հայաստանի տնտեսությունը Եվրոպական միության երկրների հետ համարյա թե նույն հարթության վրա էր:Բայց Մաքսային միությանն անդամակցելու այս որոշումը կփոխի այդ ծավալները, և առևտուրը Եվրոպական միության հետ կարող է նվազել»,- ասաց դեսպանը:Մորելը նշեց, որ Եվրամիությունը կընդունի Հայաստանի ուղղվածությունը, քանի որ դա սուվերեն որոշում է:Դիվանագետի համոզմամբ՝ Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը Վիլնյուսում կստորագրեն իրենց բանակցած համաձայնագիրը:
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ:Իսկ հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ունեցած ելույթում Հայաստանի ղեկավարը հստակ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ քաղաքական գործակցությունը կարգավորող համաձայնագրի նախաստորագրմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում