Ջորջ Սորոսը ցանկանում է Հիլարի Քլինթոնին տեսնել ԱՄՆ նախագահի դերում
Նմանատիպ
Ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսը ցանկանում է, որ Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը, մասնակցի 2016 թվականի նախագահական ընտրություններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես հայտնել է Սորոսի ներկայացուցիչ Մայքլ Վեյկոնը, ֆինանսիստն արդեն 25 հազար դոլար է նվիրաբերել «Աջակցենք Հիլարիին» կազմակերպությանը, որը պատկանում է այսպես կոչված քաղաքական գործողությունների կոմիտեների շարքին:Հասարակական այդ կազմակերպություններն ստեղծվում են ի պաշտպանություն այս կամ այն թեկնածուի, բայց ձեւականորեն կապված չեն նրա հետ: Դրանք օրենքով սահմանափակված չեն միջոցների ծախսման հարցում, իսկ թեկնածուն ինքը պատասխանատվություն չի կրում դրանց գործունեության համար:
83-ամյա Սորոսը, որի կարողությունը Forbes հանդեսի փորձագետները գնահատում են 20 մլրդ դոլար, հսկայական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Դեմոկրատական կուսակցությանը 2004 թվականի ընտրություններին նախապատրաստվելու ընթացքում՝ նրան նվիրաբերելով ավելի քան 27 մլն դոլար: Նա նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել 2007 թվականին Բարաք Օբամայի նախընտրական արշավի ֆինանսավորմանը:
«Աջակցենք Հիլարիին» քաղաքական գործողությունների կոմիտեն հիմնվել է մի քանի ամիս առաջ նախկին պետքարտուղարի նախկին օգնականներից մեկի կողմից:Կազմակերպությունը նշում է, որ մինչ այժմ նրա դոնորներ են դարձել արդեն ավելի քան 20 հազար մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում