Վահագն Չախալյան. «Սաակաշվիլին նպատակաուղղված եկել էր սադրելու»
Նմանատիպ
«Իմանալով, որ եկեղեցու բակում մենք Սաակաշվիլուն դիմավորելու ենք բողոքի ցույցով, Վրաստանի նախագահը սկզբից որոշել էր չգալ այնտեղ: Հետո փոխեց իր որոշումը և ուշացած եկավ: Ակնհայտ է, որ նպատակը պրովոկացիան էր: Նա ուզում էր, որպեսզի մենք հարվածենք կամ վիրավորենք իրեն: Բայց այդպիսի նվեր, իհարկե, մենք չէին կարող մատուցել Վրաստանի նախագահին»: Այս մասին, մեկնաբանելով երեկ Ախալքալակում տեղի ունեցած միջադեպը, Times.am-ի լրագրողին ասաց ջավախքցի քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:
«Մեր բողոքի ակցիան մեկ նպատակ ուներ’ չթույլատրել, որպեսզի Սաակաշվիլին մտներ հայկական եկեղեցի, քանի որ նրանք թշնամական քաղաքականություն են վարում մեր եկեղեցիների նկատմամբ: Պարզ է, որ Թբիլիսիի հայկական եկեղեցին շարունակում է մնալ պայթեցված հենց այդ քաղաքականության հետևանքով: Բացի դրանից, մենք ուզում էինք հասկանալ Սաակաշվիլու մոտեցումները Ջավախքի հայերի նկատմամբ: Պարզվեց, որ հայահալած քաղաքականությունն իրականացվել է հենց նրա իմացությամբ, անմիջական հանձնարարությամբ»:
Վահագն Չախալյանը նշեց, որ համացանցում տարածվել է իրենց զրույցի մոնտաժված տեսանյութը: «Մոտ 20 րոպե է տևել մեր զրույցը: Ես նրան ասացի, որ 4,5 տարի կյանքիցս խլել է: Որդիս առանց հայր է մեծացել և հիմա ուզում եմ հասկանալ, թե հանուն ինչի՞ էր այս ամենը, իսկ նա լկտիաբար ասաց, որ վրացերեն սովորեմ: Նրա հետ խոսում էի Թումանյանի, Տերյանի, մշակույթային արժեքների մասին, իսկ նա պատասխանում էր վիրավորանքներով’ ինձ անվանելով սեպարատիստ և կրիմինալ: Խնդրեցի, որպեսզի հետևի իր բառերին’ ասելով, որ դա վիրավորական է ինձ համար: Բայց նա շարունակեց իրեն լկտի պահեր: Ինձ հրավիրում էր մենամարտի, իսկ հետո էլ ոստիկանների մեջքի ետևից սկսեց վիրավորել ինձ և ակցիայի մասնակիցներին: Ցավում եմ, որ մեր տրամադրության տակ չկա միջադեպի ամբողջ տեսագրությունը: Բայց այնտեղ շատ լրագրողներ կային և կարծում եմ շուտով հանրությունը կտեսնի, թե ինչքան ստոր էր իրեն պահում Սաակաշվիլին»:
Վահագն Չախալյանը շնորհակալություն հայտնեց ակցիայի բոլոր մասնակիցներից Վրաստանի նախագահի նպատակաուղղված սադրանքներին չենթարկվելու համար: Նա նաև նշեց, որ պատրաստվում է պատասխանատվության կանչել Միխեիլ Սաակաշվիլուն իրեն վիրավորանքներ հասցնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում