Բաքվում ընդդիմության հուժկու հանրահավաքը Ալիեւից պահանջել է հեռանալ
Նմանատիպ
Ադրբեջանի դեմոկրատական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» դաշինքը հոկտեմբերի 27-ին’ ժամը 16-18-ը, Բաքվի «Մահսուլ» մարզադաշտում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրութուններից հետո առաջին հանրահավաքն է անցկացրել: Անընդհատ տեղացող ուժեղ անձրեւի տակ անցկացված միտինգին 10 հազարից ավելի մարդ է մասնակցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավքում բոլոր ելույթ ունեցողները հայտարարել են, որ ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն’ Ջամիլ Հասանլին, սակայն, արդյունքները կեղծվել են: Ինքը’ Ջամիլ Հասանլին, հայտարարել է, որ իշխանություններն աշխարհով մեկ խայտառակել են իրենց’ կեղծելով հոկտեմբերի 9-ի ընտրությունները: Նա նշել է, որ դեմոկրատական ուժերը մերկացրել են իշխանությունների գործողությունները եւ դրա վկան երդմնակալության հապճեպ անցկացումն է: «Նրանք ստիպված էին հա? ?ճեպ անցկացնել այդ կեղծ երդմնակալությունը Սահմանադրական դատարանի կողմից կեղծված ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո: Աշխարհում դեռ ոչ մի տեղ նախագահի երդմնակալությունը չի անցկացվել տեղական եւ միջազգային հասարակությունից գաղտնի», -ասել է Հասանլին: Նա նաեւ հայտարարել է, որ կեղծված ընտրություններին դրական գնահատական տված ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի պատգամավորները մերկացվելու են իրենց երկրներում: «Այս իշխանությունը լեգիտիմ չէ, նա պետք է հեռանա եւ կհեռանա», -նշել է ընդդիմության առաջնորդը:
Ջամիլ Հասանլիին եւ մյուս ելույթ ունեցողներին մասնակիցները ողջունել են «Հրաժարական», «Իլհամ, հեռացիր», «Ալիեւ’ դիկտատոր», «Վերջ անօրինականությանը, զինվորների մահերին, կոռուպցիային», «Հերիք է» եւ այլ լոզունգներով: Հանրավահաքին մասնակցել են ադրբեջանական բանակում կասկածելի հանգամանքներում ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ընտանիքների անդամները եւս:
Միտինգը բանաձեւ է ընդունել, որում առաջ են քաշվել հետեւյալ պահանջները’ ազատ արձակել քաղբանտարկյալներին, հաշվի առնել տեղական եւ միջազգային հանրության կարծիքը ընտրությունների մասին, դադարեցնել «Ազադլըգ» թերթի վրա ճնշումները: Ակցիան անցել է առանց հասարակական կարգի խախտումների:
Musavat.com-ի թղթակիցները հանրահավքի ընթացքում ուշագրավ տեսանյութ են նկարահանել: Նրանք Youtube-ում տեսանյութ են տեղադրել, որում Ադրբեջանի իշխանությունների «թղթակիցները» մարզադաշտի հարեւանությամբ շենքերի պատշգամբներից գաղտնի կերպով տեսալուսանկարանում են միտինգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում