Ադրբեջանական բանակը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Ռամիզ Թաիրովը, ով զբաղեցնում էր նաեւ կառույցի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով հոկտեմբերի 24-ին նշանակվել է պաշտպանության բանակի փոխնախարար, օդուժի հրամանատար: Ռամիզ Թաիրովն այսօրվանից անցել է ՊՆ-ում իր պաշտոնեական պարտավորությունների կատարմանը:

Մինչ այսօր ռազմաօդային ուժերի հրամանատարի եւ պաշտպանության փոխնախարարի պարտականությունները կատարում էր գեներալ-մայոր Ալթայ Մեհդիեւը: Նա զբաղեցնում է ռազմաօդային ուժերի շատբի պետի պաշտոնը եւ միաժամանակ կատարում էր նաեւ այդ կառույցի հրամանատարի պարտավորությունները: Նոր հրամանատարի նշանակումից հետո Ալթայ Մեհդիեւը պահպանել է ռազմաօդային ուժերի շտաբի պետի պաշտոնը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 24-ին հայտնել էին, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիեւը, ով զբաղեցնում էր նաեւ այդ կառուցի շտաբի պետի պաշտոնը, հրաժարական էր տվել: Մեկ օր հետո Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր այն մասին, որ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիեւի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում