ՀԱՊԿ-ն տեսնում է Հայաստանին անվտանգության բոլոր խնդիրները
Նմանատիպ
Ռուսաստանի դիրքորոշումն է’ անել հնարավորը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին մարտահրավերներից պաշտպանելու համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին: «Գոյություն ունեցող սպառնալիքներին ավելանում են նաև նորերը, այդ իսկ պատճառով մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ անդամ պետությունները հնարավորինս պաշտպանված լինեն մարտահրավերներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Հարցին, թե Ադրբեջանը վերջին տարիներին հենց ՌԴ-ի ու Բելառուսի կողմից ամենից շատ սպառազինելն արդյոք չի սպառնում Հայաստանի անվտանգությանը, Վիբորնին պատասխանեց, որ Ռուսաստանը՝ որպես սուվերեն պետություն, որպես ՀԱՊԿ անդամ, կատարում է իր բոլոր պարտավորությունները բոլոր պետությունների հանդեպ: «Եթե միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր են կնքվել, ապա դրանք կատարվում են ամբողջությամբ’ բոլոր պետությունների պարագայում»,- շեշտեց նա:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ այդ հարցը բարձրացվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից, այսօր առավոտյան կայացած նիստի ընթացքում՝ համաձայնելով, որ հարցն իսկապես մտահոգիչ է Հայաստանի համար. «Մենք հասկանում ենք այդ անհանգստությունը և հարցը կքննարկենք հետագայում’ երկրների միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորման կոնտեքստում, այդ թվում և ՀԱՊԿ անդամ երկների: Բայց եթե հարցի լուծումը փնտրենք զուտ օրենքի դաշտում, ապա այն կլուծվի օրենքի տառին համաձայն»:
Ադրբեջանի սպառազինման հետևանքով Հայաստանի անվտանգության նկատմամբ սպառնալիքների հետ կապված մտավախություն արտահայտող հարցին Անատոլի Վիբորնին պատասխանեց. «Այդ հարցը մենք մտադիր ենք դեռ առանձին քննարկել, քանի որ հարցը բարձրացվել է Հայաստանի կողմից: Մենք տեսնում ենք առկա բոլոր խնդիրները, որոնցով ապրում է Հայաստանը: Կշարունակենք քննարկումները և արտակարգ իրավաիճակների, և պաշտպանության նախարարի հետ, կայցելենք համապատասխան ստորաբաժանումներ: Եվ շատ խորքային կուսումնասիրենք այդ հարցը»,- հավաստեց Վիբորnին՝ նկատելով, որ այն, որ հենց Հայաստանում է անցկացնում մշտական հանձնաժողովի նիստը, ինքնին արդեն վառ ապացույցն է այն բանի, որ հանձնաժողովն անհանգստացած է նաև Կովկասի տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների առնչությամբ:
Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ ԵԽ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել է անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող շուրջ 10 հարց: Նիստին մասնակցած ՀՀ ԱԺ պատգամավորները Հայաստանի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք հետագայում քննարկման առարկա կդառնան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում