Թուրքիայի նոր խորամանկությունը
Նմանատիպ
Եթե պատմական Վան քաղաքի անունը, առաջարկվում է դարձնել Ուան, անգլերենով՝ w-ով, ապա Թուրքիան, փաստորեն, թույլ է տալիս, որ Թուրքիայի հանրային վայրերում և գրավոր լեզվում արգելված երեք տառերից W-ն օգտագործվի:
Tert.am-ի հետ զրուցում մեկնաբանեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ արձագանքելով հրապարակմանը, ըստ որի՝ Վանից ընտրված թուրք պատգամավոր Այսել Թուղլուքն Թուրքիայի ազգային մեծ ժողով օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոխել քաղաքի անվանումը՝ այն կոչելով Wan։
«Կան երեք տառեր՝ Q, W, X, որոնք կան քրդական այբուբենում, չկան’ թուրքականում: Հիմա, եթե W-ով է, ապա դա այն է, ինչի մասին տևական ժամանակ է՝ Հայաստանում թուրքագետները ասում են. որ անիմաստ է այն խանդավառությունը, որ հայկական տեղանունները կվերականգնվեն: Եվ կարծում եմ, որ սա հայկական տեղանունների քրդացված տարբերակներ սահմանելու շքերթի սկիզբն է» ,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Նա հավելեց, որ առաջին փորձը չէ, որ փորձում են փոխել ինչպես Վանի, այնպես էլ Վանա լճի անունը:
Հիշեցնենք, որ թուրք պատգամավորը իր նախաձեռնությունը պայմանավորել էր հետևյալով. «Վանի նահանգի անունը Ուանով փոխելով՝ թե՛ տարածաշրջանի մշակութային արժեքների հանդեպ իրականացված հակաժողովրդական, միակողմանի որոշումից հետ կդառնանք, թե՛ քաղաքի անվանումը հնչյունաբանական տեսանկյունից ավելի ճիշտ կարտասանվի»:
Ինչ վերաբերում է Q, W, X տառերին, ապա դրանք չլինելով թուրքերեն այբուբենի տառեր, այլ քրդերենի, արգելված են այն պատճառով, որ մինչ օրս բոլոր հանրային վայրերում արգելված էր թուրքերենից բացի այլ լեզվի գործածումը:
Այժմ, սակայն, հանրային վայրերում թույլատրվելու է ոչ միայն քրդերենի օգտագործումը, այլև՝ քրդերենով քարոզչության իրականացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում