Թուրքական մեջլիսը հայ պատգամավոր կունենա՞
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (BDP) առաջնորդ Սելահեդդին Դեմիրթաշը չի բացառել, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորների ընտրվելը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Դեմիրթաշն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում, որտեղ նա քաղաքական շփումների շրջանակում 45 րոպե տեւողությամբ հանդիպում էր ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով պատասխանատու տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Անդրադառնալով Թուրքիայում նորաստեղծ’ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), Դեմիրթաշը հայտարարել է, որ HDP-ի ստեղծումից հետո, որին արդեն թուրքական խորհրդարանի 7 պատգամավոր է անդամակցել, իր գլխավորած BDP-ն առաջիկա տեղական ինքնակառավարման եւ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի HDP-ի ցուցակներով: Նա վստահություն է հայտնել, որ նորաստեղծ քրդական HDP-ը հաղթահարելու է 10 տոկոս ընտրական շեմը եւ նվազագույնը 70 պատգամավորական աթոռ է զբաղեցնելու Թուրքիայի նոր խորհրդարանում: Դեմիրթաշը նշել է, որ այդ պատգամավորների մեջ կարող են լինել նաեւ հայեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ HDP-ի կազմում Ստամբուլի հայկական համայնքից ընդգրկվել են Եշիլքյոյի հայկական դպրոցի տնօրեն Կարո Պալյանը եւ պոլսահայ հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը:
Քուրդ կուսակցապետը Վաշինգտոնում հայտարարել է նաեւ, որ մերձավորարեւելյան տարածաշրջանի 4 երկրում’ Թուրքիայում, Իրանում, Իրաքում եւ Սիրիայում, բնակվող քրդերի միջեւ սահմանները գնալով անիմաստ են դառնում, եւ քրդերը պահանջում են, որպեսզի անցնեն Եվրամիության նման ճկուն սահմանների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում