Գյուլը դեմ է արտահայտվել զանգվածային ոչնչացման զենքերին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է զանգվածային ոչնչացման ամեն տեսակի զենքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով TRThaber-ը, Գյուլն այդ մասին հայտարարել է Ստամբուլում անցկացվող Pugwash 60-րդ համաժողովում: «Թուրքիան այս տարածաշրջանում դեմ է զանգվածային բնաջնջման ամեն տեսակի զենքերին եւ գտնում է, որ եղածները պետք է վերացվեն», -ասել է նա:

Աբդուլլահ Գյուլն անհանգստություն է հայտնել տարածաշրջանի’ գնալով առավել ռազմականացման առնչությամբ: «Որոշ երկրներ, որոնք զինվելու մրցավազքի մեջ են, կարող են լուրջ հետեւանքերի հանգեցնել տարածաշրջանը: Այդ երկրների զինվելը նպաստում է նրանց տնտեսությունների անկմանը»,- ասել է նա: Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Սիրիայում քիմիական զենքերի ոչնչացման սկսված գործընթացին:

Սիրիայում միջազգային փորձագետները հոկտեմբերի 31-ին ավարտել են իրենց առաքելությունը’ փորձելով հնարավորինս շատ ոչնչացնել քիմիական զենքի պատրաստման համար բոլոր միջոցներն ու հնարավորությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում