Ադրբեջանի հոգևոր առաջնորդն այցելել է Ինջիղուլյանին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգեին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանին: Ինչպես հաղորդում է  «ԱՊԱ» գործակալությունը, Փաշազադեին վստահեցրել են, որ հայ գերուն չեն վիրավորում, հոգ են տանում նրա նկատմամբ: Հանդիպմանը ներկա են եղել Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի արքեպիսկոպոս Ալեքսանդր Իշեինը, Ադրբեջանում հրեական համայնքի ղեկավար Մելիք Եվդաևը և Բաքվում Կաթոլիկ համայնքի առաջնորդ Վլադիմիր Ֆեկետեն: Նվում է, որ Կարմիր խաչը թույլ չի տվել, որ լրագրողները ևս մասնակցեն հանդիպմանը:

Հոգևոր առաջնորդները 2010 թվականին ստորագրած հռչակարգրով պարտավորվել են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին իրենց աջակցությունը ցուցաբերել գերիների խնդիրների լուծման հարցերում: Հակոբ Ինջիղուլյանի խնդրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն Ադրբեջանի հոգևոր առաջնորդին դիմել էր դեռեւս օգոստոսի 22-ին: Ամենայն Հայոց կաթողիկոսն Ալլահշուքյուր Փաշազադեին խնդրել է քայլեր ձեռնարկել հայ զինվորի ազատ արձակման և Հայրենիք վերադարձնելու համար: Մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայիև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում