Իսլամացած հայերը Ցեղասպանության ապացույցներն են
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայում բռնի կերպով իսլամացված հայերի թեման շարունակում է ցավով ընկալվել թուրքական հասարակությունում: Իսլամացած հայերի սերունդներից է նաև հայկական քրիստոնեական ինքնությանը վերադարձած Գաֆֆուր Թյուրքանը, ով Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի գլխավոր քարտուղարն է: Թուրքական Demokrathaber.net-ը հարցազրույց է արել իսլամացած հայերի երրորդ սերնդի ներկայացուցի չ Թյուրքանի հետ’ անդրադառնալով պատմական այն իրողություններին, որոնք փոխեցին նրա և նախնիների կյանքը:
«Լավ է, որ մուսուլման ընկերները թույլ չտվեցին մեզ մոռանալու մեր հայկական ինքնությունը’ մշտապես ասելով. «Տես, դու հայ ես, անգամ քո ոսկորն է հարամ»: Արդեն մենք հետաքրքրվում ենք մեր ինքնությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշել է Թյուրքանը: Նա պատմել է, որ իրենք ծագումով Սասունի Ռամեդ գյուղից են եղել, սակայն Ցեղասպանությունից հետո ընտանիքից միայն երեք երեխա է փրկվել’ պապը, պապիկի եղբայրն ու նրա զարմիկը: Զարմիկին մայրը կարողանում է տանել Սիրիա, իսկ երկու եղբայրները մեծանում են քրդերի ընտանիքում: «Պապս, քրդերի տանն աշխատել ով, նրանց համար ծառայելով և բոլոր ծանր գործերն անելով էր կարողանում կուշտ մնալ: Մեծանում էր քրդական, իսլամական մշակույթի համաձայն: Այսինքն’ հայկականությունից ոչինչ չէր մնում: Բացի դրանից, չէր մնացել ոչ մի եկեղեցի, չկար համատեղ սոցիալական կյանք… Մեծանում է լիովին քրդանալով: Հայրս էլ այդ միջավայրում ծնվեց: Քանի որ մենք էլ նման միջավայրում մեծացանք, մեր մայրենի լեզուն դարձավ քրդերենը: Ես էլ քրդական շրջանի երեխաների նման, դպրոց գնալով, թուրքերեն կարողացա սովորել:
Հայերենի կամ հայկականության հետ կապված ոչ մի բան չկարողացա ունենալ»,- պատմում է Թյուրքանը: Նա ներկայացնում է, թե ինչպես են Ցեղապսանության տարիներին բոլոր հայ աղջիկներին ու կանանց բռնի տարել մուսուլմանների հարեմներ’ իբրև երկրորդ, երրորդ կամ չորրորդ կին, կամ ամուսնացրել են մուսուլմանների հետ’ պարտադիր կերպով ընդունելով իսլամ: «Մեր առաջին սերունդը փրկվեց երբ դեռ երեխա էր: Վախի մթնոլորտի հետևանքով անգամ չէին կարողանում իրենք իրենց ասել, թե ինչ է կատարվել: Երկրորդ սերունդը ծնվեց իբրև մուսուլման և ապրեց առանց իմանալու, թե ինչ է եղել: Որպես երրորդ սերնդի ներկայացուցիչներ’ մենք սկսեցինք հետաքրքրվել կատարվածով: Ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք: Աշխատում ենք հարց տալ ինքներս մեզ և բոլոր կտորները միացնել իրար»,- նշում է Թյուրքանը:
Չորս տարի առաջ’ 44 տարեկանում նա մկրտվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում’ վերադառնալով քրիստոնեական կրոնին: Խոսելով կրոնական պատկանելությունը փոխելու մասին’ նա նշում է, որ այստեղ հիմնականը ոչ թե քրիստոնեական կրոնին, այլ հայի ինքնությանը վերադարձն էր: Թյուրքանի խոսքերով’ ժամանակակից Թուրքիայում բնակվում է 4-5 միլիոն մուսուլմանացած հայ, որոնցից շատերն անգամ չգիտեն իրենց իսկական արմատների մասին: Նրանց մի մասը միայն նեղ շրջանակներում է խոստովանում իր հայ լինելու փաստը, նախկինում իրենք իրենց թաքցրած անձինք չեն կարողանում ինքնարտահայտելու համար քաջություն ձեռք բերել: Թյուքանը ցանկություն է հայտնում, որ իրենց հաջորդող սերունդն ավելի համարձակ գտնվի և ուսումնասիրի կատարվածը: «Այս երկրում ողբերգություն է տեղի ունեցել: Մենք այն ցեղասպանություն ենք անվանում: Անհրաժեշտ է, որ հարյուր տարի անց մարդիկ իմանան մեր’ այդ ողբերգության ապացույցների մասին: Սա թշնամանք չէ: Եթե որևէ մեկը հանցանք է գործել, ապա պետք է այն գիտակցել և մտածել դրա շուրջ: Դա կնպաստի, որպեսզի ապաքինվի մարդկանց խիղճը»,- եզրափակել է Թյուրքանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում