Հակոբ Ինջիղուլյանի մասին ադրբեջանական պնդումները կեղծիք են. ՀՀ ՊՆ
Նմանատիպ
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի հանդիպման մանրամասների վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվությունը ոչ մի վստահություն չի ներշնչում, լիովին կեղծիք է: Մեկնաբանելով ադրբեջանական կողմի ներկայացրած մեկնաբանությունը, իբր Ինջիղուլյանը հրաժարվել է վերադառնալ հայրենիք’ բռնությունների ենթարկվելու պատճառով, «Արմենպրես»-ի հետ զ րույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական կողմից մենք այլ բան չէինք էլ սպասում, սա Ադրբեջանի «մարդասիրական» հերթական քայլն է: Մենք չենք հավատում, թե ինչ են նրանք մեկնաբանում Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված, ոչ մի վստահություն չի ներշնչում նրանց մեկնաբանությունը, լիովին կեղծիք է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ հայրենիք վերադառանալուց հետո Հակոբ Ինջիղուլյանը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով է հայտնվել ադրբեջանական կողմում: Հայկական կողմը դիմել է միջազգային կազմակերպություններին’ խնդրանքով կազմակերպել Ինջիղուլյանի ապահով վերադարձը հայրենիք:
Նոյեմբերի 2-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանին: Փաշազադեն պատրաստվում է հանդիպման վերաբերյալ նամակ հղել Գագեգին Երկրորդին: Ադրբեջանական տեղեկատվության համաձայն’ Ինջիղուլյանը շնորհակալություն է հայտնել Փաշազադեին հանդիպման համար և խնդրանքով դիմել է ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի արքեպիսկոպոս Ալեքսանդր Իշեին ու Ադրբեջանում հրեական համայնքի ղեկավար Մելիք Եվդաևը և Բաքվում Կաթոլիկ համայնքի առաջնորդ Վլադիմիր Ֆեկետեին’ օգնել իրեն երրորդ երկիր ուղարկելու գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում