Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
Նմանատիպ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը համարում է մեծ ողբերգություն: Այս մասին ընդդիմադիր գործիչը խոսել է թուրքական «Թարաֆ» պարբերականի հետ զրույցում: Լրագրողի այն հարցին, թե ինչպիսի բնորոշում կարելի է տալ հայ ժողովրդի հետ պատահածին, Քըլըչդաօղլուն պատասխանել է. «1915 թվականի դեպքերը օսմանյան պատմության ամենա դրամատիկ էջերից են: Ըստ էության, դա չի կարելի չնկատել: Սակայն այց հարցում բավական թվով արխիվային փաստաթղթեր չեն լուսաբանվել: Անհրաժեշտ է հրապարակել ոչ միայն օսմանյան, այլև Ռուսաստանի և Հայաստանի արխիվները»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ Քըլըչդարօղլուն հայտնել է, որ 2015 թվականին ընդառաջ Թուրքիայի արտգործնախարարությունում որոշակի նախապատրաստություններ են կատարվում’կապված Հայոց ցեղապսանության 100-ամյակի հետ: Հայտնելով իր գլխավորած կուսակցության պաշտոնական տեսակետը’ ընդդիմադիր գործիչը հերթական անգամ առաջարկել է հարցը թողնել պատմաբաններին:
Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը’ ընդդիմադիր գործիչը նշել է, որ այս հարցում անհրաժեշտ չափով հետաքննություն չի կատարվում, իսկ հանցագործության պատասխանատուները պաշտոնի բարձրացում են ստանում: «Հանցագործության որոշ պատասխանատուներ դառնում են պատգամավոր, ոմանք’ նախարար: Իրականում դա սազական չէ 21-րդ դարի Թուրքիային: Փողոցի մեջտեղում մարդ են սպանում, սակայն կառավարությունը համապատասխան միջոցառումներ չի իրականացնում: Հրանտ Դինքը մեր մարդկանցից էր: Այս հողերի մարդ էր: Անատոլիայի մարդ: Լրագրող: Մտավորական: Իշխանությունները, որոնք պաշտպանում են օրենքի ու ժողովրդավարության գերակայությունը, պետք է ճշմարտությունը բացահայտեն: Եթե չեն բացահայտում, ուրեմն այդ հանցագործության մասնակիցն են: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը այս հանցագործության մասնակիցն է»,- հայտարարել է Քեմալ Քըլըչդարօղլուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում