Թուրքիայում սկսվել է հայկական պատմական տեղանունների քրդականացումը
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանում քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) պատգամավոր Հալիլ Աքսոյը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկել է Արեւմտյան Հայաստանի’ ներկայում թուրքական հնչեղությամբ Աղրը (Արարատ) քաղաքը վերանվանել քրդական հնչեղությամբ’ Ագիրի: Նրան հետեւել է ԽԺԿ եւս մի պատգամավոր’ Ալթան Թանը, ով առաջարկել է Էրզրումը (Կարին) վերանվանել Էրզերոմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk-ը:
Նշվում է, որ Աքսոյի եւ Թանի թուրքական խորհրդարան ներկայացրած օրենքի նախագծերում այդ առաջարկություններին զուգահեռ նախատեսվում է փոխել պատմական Հայաստանի եւս մի քանի տեղանուններ:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի խորհրդարանի Վանից ընտրված անկախ պատգամավոր Այսել Թուղլուքը խորհրդարան էր ներկայացրել Վանի անունը Ուան (Wan) փոխելու վերաբերյալ օրենսդրական առաջարկ:
Ազգությամբ քուրդ պատգամավորը հայտարարել էր, թե հարյուրամյակներ շարունակ Վանը «հենց Ուան է կոչվել»: «Վանի անունը փոխելով նրա իրական’ Ուան անունով, վերջ կդրվի տարածաշրջանի ժողովրդի (քուրդ) մշակութային արժեքների դեմ իրագործված հակադեմոկրատական միակողմանի տնօրինությանը: Հնչյունաբանական (քրդերենի) տեսանկյունից’ քաղաքի անունն էլ ճիշտ կարտասանվի»,- ասել էր նա:
Եթե նախկինում Արեւմտյան Հայաստանի հայկական տեղանունների անվանումները փոխում էին թուրքերը, այժմ էլ թուրքերի այդ գործը շարունակում են հայկական բնակավայրերին տիրացած քրդերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում