Ադրբեջանի նախագահական ընտրությունները հետընթաց էին. European Stability Initiative
Նմանատիպ
European Stability Initiative հետազոտական ինստիտուտը զեկույց է հրապարակել Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում, մասնավորապես, ասված է.
«Համաձայն Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած արդյունքների’ նախագահական ընտրություններին հետևում էին 1300 միջազգային դիտորդ’ 50 տարբեր կազմակերպություններից: Սակայն դրանցից միայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն է, որ արձանագրել է բազմաթիվ խախտումներ ընտրական գործընթացի բոլոր փուլերում, այն է’ թեկնածուների և լրագրողների ահաբեկում, քվեատուփերի լցոնում և այլն: Իսկ մյուս 49 դիտորդական առաքելությունները դրական են գնահատել ընտրությունները:
Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի առաքելությունների ղեկավարները ընտրությունները համարել են «ազատ, անկախ և թափանցիկ»: Ավելին, Եվրոպական խորհրդարանի առաքելության ղեկավար, իտալացի պատգամավոր Պինո Արլաչին կասկածի տակ դրեց ԺՀՄԻԳ-ի լեգիտիմությունը՝ ընդգծելով, որ ԺՀՄԻԳ-ը բաղկացած է «այսպես կոչված փորձագետներից», որոնք չունեն անգամ քաղաքական իրավասություն և ոչ մեկի կողմից չեն ընտրվել:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը գտնում էր, որ կարճաժամկետ դիտորդներ հանդիսացող խորհրդարանականները թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք ընտրված պաշտոնյաներ են, իրավասու են գնահատական տալ ընտրություններին, բացահայտել, թե արդյոք ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Զեկույցի հեղինակների կարծիքով, այս պնդումն անհեթեթություն է, սակայն առաջին հայացքից լուրջ փաստարկի տպավորություն է ստեղծում:
ԺՀՄԻԳ-ի մոնիթորինգային խումբը բաղկացած է երկարաժամկետ դիտորդներից, ովքեր ժամանում են երկիր ընտրություններից շաբաթներ առաջ: ԺՀՄԻԳ-ի դիտորդները դիտարկել են 5.273 ընտրատեղամասերից 1.151-ը և արձանագրել բազմաթիվ խախտումներ: Սրանք կազմակերպության դիտորդների կողմից արձանագրած ամենավատ ընտրություններն էին:
Չնայած Եվրախորհրդարանի առաքելության դրական գնահատականին’ ընտրություններից օրեր անց՝ հոկտեմբերի 23-ին, Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ լիագումար նիստին հայտարարվել է, որ Եվրոպական Խորհրդարանն ափսոսանք է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ ընտրությունների անցկացումը չհամապատասխանեց եվրոպական չափանիշներին՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարությանը կիրառել ԺՀՄԻԳ-ի զեկույցում ընդգրկված առաջարկությունները:
Խորհրդարանականների մեծ մասը, ովքեր կամավոր սկզբունքով մասնակցում էին դիտորդական առաքելությանը, ներկայացնում էին այն երկրները, որոնք տնտեսական, աշխարհաքաղաքական շահեր ունեն Ադրբեջանում:
Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը 2008թ.-ի ընտրություններում իր հաղթանակից առաջ ասել է ամերիկացի դիվանագետին, որ իր երկրում ընտրությունները ազատ ու արդար են, միակ խնդրահարույց հարցը ԺՀՄԻԳ-ի գնահատականն է:
Մայիսին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցած լրագրողների և ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները, իսկ 2013թ.-ի հունիսին Եվրախորհրդարանը դատապարտել է ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադովի ձերբակալությունը’ ընդունելով համապատասխան բանաձև: Սեպտեմբերին Human Rights Watch ոչ կառավարական կազմակերպությունը Ադրբեջանի մասին զեկույց է ներկայացրել, որում, մասնավորապես, նշված է, որ խոսքի և հավաքների ազատությունը էական հետընթաց է ապրել այդ երկրում:
Զեկույցի հեղինակների կարծիքով ընտրակեղծիքների բացահայտումը հանգեցրել է «Վարդերի հեղափոխությանը» Վրաստանում 2003թ.-ին և «Նարնջագույն հեղափոխությանը» Ուկրաինայում 2004թ.-ին: Ավտորիտար ղեկավարները գիտակցում են, որ ընտրակեղծիքների դեմ մեղադրանքները, հատկապես եթե դրանք արձանագրվում են դիտորդների զեկույցներում, կարող են հանգեցնել ընդվզումների և անգամ հեղափոխությունների:
Այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում, հակասում է միջազգային չափանիշներին: Եվ դա կասկածի տակ է դնում դիտորդական առաքելությունների հետագա գործունեության անկողմնակալությունն ու վստահելիությունը: Անհրաժեշտ է նաև վերանայել երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների միջև փոխգործակցությունը:
ESI-ի զեկույցը ապացուցում է, որ Եվրոպայում ընտրությունների ապագա դիտարկումը կախված է կարևոր դերակատարների’ Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ ԽՎ-ի դիրքորոշումից:
Ադրբեջանի նախագահական ընտրություններին’ միջազգային կազմակերպությունների մեծ մասի կողմից տրված դրական գնահատականը բացահայտում է ընտրությունների դիտարկման համակարգի թերությունները, իսկ դրանց շտկումը չափազանց կարևոր է ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Ադրբեջանում, ժողովրդավարական արժեքների արմատավորման և տարածման համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում