Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է հայ-թուրքական սահմանը բացելու մասին Դավութօղլուին վերագրվող հայտարարությունները
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, հասկանալով, որ հերթական դիվանագիտական խորամանկությունը տապալված է եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական կողմի’ հարաբերությունների կարգավորման հայտարարությունները դիտվում են որպես միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ, հերքել է նախօրեին հրապարակ նետված թեզը: ԱԳՆ խոսնակ Լևենթ Գյումրուքչուն հերքել է թուրքական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, համաձայն որի’ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոսել էր հայ-թուրքական սահմանն անակնկալ բացելու հնարավորության մասին:
Գյումրուքչյուն հայտնել է, որ Թուրքիան համաչափ զարգացում է ցանկանում Կովկասում և այս հարցում համագործակցում է Ադրբեջանի հետ: Նա հերթական անգամ կրկնել է թուրքական պաշտոնական տեսակետը Լեռնային Ղարաբաղի տարածքի «օկուպացիան» վերացնելու վերաբերյալ:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների’ վերջերս տարածաշրջան կատարած այցելությանը’ Գյումրուքչյուն ասել է, որ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ պետություն, հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նա դեռ վաղ է համարել խոսել այն քայլերի մասին, որոնք այցից հետո կիրականացվեն հակամարտության կարգավորման ուղղությամբ: ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Թուրքիան ցանկանում է հակամարտության շուտափույթ կարգավորում և պատրաստ է ցանկացած քայլի’ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Նոյեմբերի 7–ին թուրքական «Աքշամ» պարբերականը հրապարակել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների պալատի անդամների հետ Ահմեդ Դավութօղլուի ունեցած հանդիպումից մի շարք դրվագներ: «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորի այն հարցին, թե իրենք վերջին շրջանում հայ-թուրքական սահմանին որոշակի աշխատանքներ են նկատում, պարբերականի փոխանցմամբ, Դավութօղլուն պատասխանել էր. «Մենք տանում ենք որոշակի աշխատանքներ: Եթե համոզենք Ադրբեջանին, կարող ենք անակնկալ անել: Սահմանային անցակետում աշխատանքներ են տարվում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում