ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը բանակցությունների հերթական փուլում են
Նմանատիպ
Թեհրանում նոյեմբերի 11-ին մեկնարկում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների և Իրանի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը: Իրանական կողմը պետք է ՄԱԿ-ի մասնագետներին պարզաբանի իր միջուկային ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Նախատեսվում է, որ փորձագետների հանդիպմանը կնախորդեն գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի բանակցությունները Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Հուսով եմ, որ առաջիկա հանդիպումը մեզ թույլ կտա հասնել կոնկրետ արդյունքների եւ պարզել, թե ինչպես ենք առաջ շարժվելու և լուծելու մնացած հարցերը, որպեսզի հավաստենք իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»,- լրագրողներին հայտարարել է Ամանոն Վիեննայի օդանավակայանում՝ Թեհրան մեկնելուց առաջ:
Մինչդեռ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռեւս կասկածներ ունի միջուկային ծրագիրը դադարեցնելու Իրանի պատրաստակամության հարցում: «Մենք կուրությունից չենք տառապում, եւ ես չեմ կարծում, որ մենք հիմարներ ենք»,- ասել է Քերին NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նոյեմբերի 9-ին Ժնեւում Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ բանակցություններն ավարտվել են առանց տեսանելի արդյունքների: Ինչպես հաղորդվում է, ձեռք է բերվել որոշակի առաջընթաց: Կողմերը պայմանավորվել են վերստին հանդիպել նոյեմբերի 20-ին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրյակին հայտարարել է, որ միջազգային միջնորդների վեցյակը եւ Իրանը մեծ հնարավորություն ունեն ձեւակերպելու այն մոտեցումները, որոնք կարող են դրվել ընդհանուր փաստաթղթի հիմքում: «Ընդհանուր գնահատմամբ՝ մենք զգալի առաջընթացի ենք հասել»,- հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում