Իսլամացած հայերը հայերեն են սովորում Դիրարբեքիրում
Նմանատիպ
Իսլամացած հայերը Դիարբեքիրի Սուր քաղաքում հայերենի դասընթացներ են անցնում: Սուրի քաղաքապետարանի կողմից բացված դասընթացներում երկու տարում 66 հայ կարողացել է սովորել իր մայրենի լեզուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Թարաֆ պարբերականը:
2012 թվականին բացված լեզվի դասընթացներն անցել են երկու փուլով’ յուրաքանչյուրը երեք ամսով: Մինչ օրս դասընթացներին մասնկացել է 67 մարդ, որից միայն մեկը հայ չի եղել: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Գաֆուր Թուրքայը նշել է, որ լեզվի կուրսերին մասնակցածների մեծ մասն իր հայի ինքնությունը պարզել է ուշ շրջանում: Թուրքայը պատմել է, որ դասընթացներին մասնակցել են տնային տնտեսուհիներ, աշակերտներ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ’ ծառայողներ, բանվորներ, բժիշկներ: Ինքը’ Թուրքայը, ում հայկական ազգանունն Օհանյան է, իր հայկ? ?կան ծագման մասին իմացել է 15 տարեկանում: Մուսուլմանական-սուննիական ավանդույթներով մեծացած լինելով’ նա իրեն անվանում է «սունի մահմեդական հայ», ով ունի հայի էթնիկ ինքնություն:
Ներկայում իր երկու երեխաների հետ հայերենի դասընթացներին մասնակցող Թուրքայը պատմել է. «Տարբեր պատճառներից ելնելով չենք կարողացել սովորել մեր լեզուն, սակայն հոգում մշտապես լեզվին տիրապետելու ցանկություն ենք ունեցել: Երեխաներս էլ ոգևորություն են ապրում իրենց մայրենի լեզուն սովորելիս: Ես հայ եմ և չեմ կարողացել ապրել իմ լեզվով, ավանդույթներով, սովորություններով, մշակույթով: Կարոտախտով եմ լցված այս ամենի հանդեպ: Մեծ ոգևորություն, զգացմունքների կուտակում կա: Երեք սերունդ հետո սովորելու հնարավորություն ունեցա, և դա մեծ երջանկություն է»:
Հայերենի դաընթացների’ Ֆըրաթ անունով մեկ այլ մասնակից, ով, սակայն, չի ցանկացել ասել իր ազգանունը, հայտնել է իր ոգևորությունը 20-րդ դարի դարասկզբի ոճրագործությունից գրեթե 100 տարի անց հայոց լեզու սովորելու կապակցությամբ: «Սովորելը հեշտ չէր: Լեզվի տարբերվող այբուբենն ավելի էր բարդացնում մեր գործը, այդ պատճառով սկզբում շատ էի դժվարանում: Սակայն ներկայում հայերեն եմ ստորագրում»,- ասել է Ֆըրաթը, ով պատմել է, որ իր հայկական ինքնության մասին տեղյակ է եղել դեռ մանուկ հասակից և շատ է ոգևորվել իր պապերի լեզուն սովորելու փաստի կապակցությամբ:
Դիարբեքիրի Սուր քաղաքում հայոց լեզվի դասընթացները վարում է հայկական համայնքի հիմնադրամից կամավոր ուսուցիչ Ֆիքրի Չալըշը: Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հայտնել է, որ նման դասընթացների իրականացումը շարունակական է լինելու: Նա ցանկություն է հայտնել հետագայում սկսել նաև ասորերենի դասընթացներ: «Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, և մեր ժողովրդարական պահանջները չեն սահմանափակվում միայն քրդերով և քրդերենի պահանջներով: Հայերի, լազերի, չերքեզների, ասորիների, արաբների և մյուսների համար էլ ենք ժողովրդավարություն պահանջում »,- հայտարարել է քուրդ քաղաքապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում