Սիրիայի կառավարության պատվիրակությունը «Ժնև-2»-ին ընդառաջ կմեկնի Մոսկվա
Նմանատիպ
Սիրիայի կառավարության պատվիրակությունը նոյեմբերի 18-ին կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել են Սիրիայի կառավարությունից: Մոսկվա այցելելու նպատակն է քննարկել «Ժնև-2» համաժողովի վերաբերյալ հարցերը: Պատվիրակության կազմում կընդգրվեն Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միկդադը, արտգործնախարարի օգնական Ահմադ Արնուսը և այլ պաշտոնյաներ:
Սպասվում է հանդիպում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 14-ին հերքել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները համաձայնության են եկել Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողովի դեկտեմբերի 12-ին անցկացնելու վերաբերյալ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-24-ին: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան համաձայնել է մասնակցել համաժողովին: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեռ չի պատրաստվում հրապարակել համաժողովի օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում