Թուրքիան շարունակում է սպառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ավստրալացի խորհրդարանականներին
Նմանատիպ
Թուրքիան ավստրալացի խորհրդարանականներին զգուշացրել է զերծ մնալ հետագայում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, եթե Ավստրալիան չի ցանկանում վնասել իր հարաբերությունները Թուրքիայի հետ և, հատկապես, 2015 թվականին Գալիպոլիում ավստրալացի զինվորների հիշատակի հարյուրամյա միջոցառմանը: Ի պատասխան’ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ’Ֆարելը «ցավալի» է համարել, որ Գալիպոլիում հանգչող զինվորների հա? ?յուրամյա տարելիցը շահարկվում է քաղաքական նպատակներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ավստալական The Sunday Morning Herald-ը, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նախազգուշացումը հրապարակվել է նախօրեին’նոյեմբերի 15-ին, երբ 2015 թվականի ապրիլի 25-ին Գալիպոլիի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար 8000 տոմսեր են վիճակահանության դրվել ավստրալացիների համար:
«Երկու բաներից մեկը, որ կարող է խզել թուրք-ավստրալական լավ հարաբերությունները, առանց թուրքական կողմին լսելու ցեղասպանության մասին պնդումները սատարելն է: Սա կարող է հսկայական ճեղքվածք առաջացնել երկու ազգերի միջև և անգամ վտանգել Գալիպոլիի ոգեկոչման արարողությունները»,- The Sydney Morning Herald-ի հետ զրույցում ասել է Չիչեքը’ կոչ անելով չեղյալ համարել բանաձևերը: «Մենք խնդիր չունենք Թուրքիայի հայ համայնքի հետ: Մեր խնդիրը հայ սփյուռքի հետ է, որ շարունակում է քարոզել այս «բանավեճը»»,- հավելել է նա:
Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ’Ֆարելի խոսքով’ նախկինում ընդունված նման բանաձևերի դեպքում նման սպառնալիքներ չեն հնչել Թուրքիայի կողմից: «Խորհրդարանականները Հայոց ցեղասպանության բանաձևերն ընդունել են 1996 և 2012 թվակնանններին: Ցավալի է, որ թուրքական կառավարության հետ առնչվող մեկը կարող է փորձել Գալիպոլիում հանգչող զինվորների հարյուրամյա տարելիցը օգտագործել քաղաքական նպատակներով»:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը տնօրինել էր, որ միայն չորս դաշնային պաշտոնյաներ, այդ թվում’ ինքը, ստանան VIP-տոմսեր, բայց դրանք չեն տրվի նահանգային խորհրդարանականներին և վարչապետներին: Իսկ գլխավոր գանձապետ Ջոյ Հոքեյը, ով կոչ էր արել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել Դաշնային խորհրդարանում, այժմ դժվարանում է որևէ մեկնաբանություն անել, որը կարող է վտանգել իր գործընկերային հարաբերությունները Թուրքիայի հետ, քանզի եկող տարի Ավստրալիան հուրընկալում է G20 գագթնաժողովը:
2011 թվականի մայիսին Հոքեյը նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը նորագույն պատմության ամենաքիչ հայտնի, հասկացված և հարգված մարդկային ողբերգություններից է»:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը «խիստ մտահոգիչ» է որակել թուրքական կառավարության’ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանականների Գալիպոլի այցելել արգելքը: «Մոտ 100 տարի է, ինչ Թուրքիան շարունակում է ժխտել այն, ինչ հրապարակայնորեն և լայնորեն հայտնի է որպես պատմական իրականություն»,- ասել է նա:
Թուրքական դեսպանատան խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում