Վրաստանը պաշտոնապես նոր նախագահ ունի
Նմանատիպ
Թբիլիսիում նոյեմբերի 17-ին կայացել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարրողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, արարողությանը բացի վրացական կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներից, մասնակցել են շուրջ 40 երկրից ժամանած պատվիրակություններ: Ի դեպ, պատվիրակությունների շարքում չեն եղել հյուրեր Ռուսաստանից, քանի որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են:Վրաստանի’ արդեն չորրորդ նախագահ Մարգվելաշվիլին 44 տարեկան է: Նա փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Մինչեւ նախորդ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որտեղ հաղթանակեց «Վրացական երազանք» կոալիցիան, նա երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի ընդգրկվել Վրաստանի որեւէ կուսակցությունում:
Նախագահի երդման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի հին խորհրդարանի արտաքին պալատում: Քանի որ արարողությունն առանձնապես շքեղ չի անցկացվել, Ռուսթավելի պողոտային հարող ուղղությունները չեն փակվել:
Այն սկսվել է տեղական ժամանակով ժամը 13:00-ին. Մարգվելաշվիլին երդվել է Սահմանադրության վրա: «Երդվում եմ պաշտպանել Սահմանադրությունը, երկրի ամբողջականությունը»,- պաշտոնապես անցնելով պաշտոնին’ հայտարարել է նոր նախագահը: Նա երախտագիտություն է հայտնել իր համակիրներին, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, «Վրացական երազանք» կոալիցիայի բոլոր անդամներին եւ վրացական հասարակությանը երկրի ղեկավարությունն իրեն վստահելու համար: «Այսօր հաղթել է ժողովրդի կամքը»,- ասել է նա:
Մարգվելաշվիլին անդրադարձել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերին, մասնավորապես’ կոչ անելով աբխազ եւ օսեթացի ժողովուրդներին «միասին կառուցել ժամանակակից պետություն»: Նա Վրաստանի իշխանությունների անունից պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք կրկին հայտարարում ենք մեր պատրաստակամության մասին’ խորացնելու երկխոսությունը Ռուսաստանի հետ եւ լուծել առկա խնդիրները փոխվստահության հիման վրա»,- ասել է նա:
Ընտրություններում իր հաղթանակի մասին նոր նախագահը նշել է, որ Վրաստանն անցկացրել է «ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան» ընտրություն, ինչի շնորհիվ կարողացել է բարձրանալ նոր աստիճանի վրա պետության զարգացման գործում:
Մարգվելաշիլին երկրի արտաքին քաղաքականության մասին նշել է, որ Վրաստանը շարունակելու է ինտեգրման գործընթացը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ’ հարաբերությունների ամրապնդումն ԱՄՆ-ի եւ այլ գործընկերների հետ:
Նրա խոսքով’ Վրաստանի վատ տարիները մնացել են ետեւում, իսկ ապագայում սպասվում է «ոսկե շրջան»:
Նախագահի ընտրությունները Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 27-ին: Սահմանադրության համաձայն’ երդմնակալությունից հետո Վրաստանի կառավարությունը’ վարչապետի գլխավորությամբ, թողնում է լիազորությունները: Խորհրդարանական մեծամասնությունը նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում կառաջադրի նոր վարչապետին: Լուրեր են շրջանառվում, որ նոր վարչապետի թեկնածուն Իրակլի Գարիբաշվիլին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում