Թաթարստանում սուգ է հայտարարվել Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ
Նմանատիպ
Թաթարստանում նոյեմբերի 18-ը սգո օր է հայտարարված նախօրյակին Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին: Ողբերգությունը 50 մարդու կյանք է խլել: Հանրապետության քաղաքներում ու գյուղերում իջեցվել են պետական դրոշները, չեղյալ են հայտարարված ժամանցային միջոցառումներն ոու հաղորդումները: Ուղղափառ եկեղեցիներում, վանքերում, մուսուլմանական մզկիթներում տեղի են ունենում սգո արարողություններ: Թաթարստանի նախարարների կաբինետ ին հանձնարարված է առաջարկություններ պատրաստել ավիաաղետից զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար: Ավիավթարի հետեւանքով հարազատներին կորցրած բոլոր ընտանիքներին մեկական միլիոն ռուբլի կհատկացվի հանրապետության պահուստային հիմնադրամից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
ՍՕԳԱԶ ապահովագրական գործակալության ներկայացուցիչը հիշեցրել է, որ զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին ապահովագրական նպաստ կհատկացվի 2 մլն 25 հազար ռուբլու չափով:
Աղետի ենթարկված Boeing-ը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից մեկնել էր ժամը 18:25-ին: Ժամը 19:26-ին վայրէջք կատարելիս ինքնաթիռը կորցրել է բարձրությունը եւ բախվել գետնին: Այն այրվել է, պայթել է բենզաբաքերի բենզինը:
Օդանավում եղել է 44 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Ուղեւորների թվում են եղել Թաթարստանի նախագահի որդին՝ Իրեկ Մինիխանովը, եւ Անվտանգության դաշնային ծառայության հանրապետական վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը:
Ինչպես հաղորդել են «Թաթարստան» ավիաընկերությունում, որին պատկանում էր կործանված ինքնաթիռը, զոհվածներից երկուսը երեխաներ են՝ 11 եւ 15 տարեկան աղջիկներ:
Մոսկվայից աղետի վայր է ուղարկվել քննիչների խումբ, որը գլխավորում է Հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Արդեն Կազանում են գտնվում արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը, փրկարարներ ու հոգեբաններ:
Կազան են ժամանել նաեւ Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը եւ արտակարգ իրավիճակների կառավարական հանձնաժողովի անդամներ:
Այսօր կսկսվի զոհվածների ճանաչման ընթացակարգը: Ավիաաղետի զոհերի հարազատներին տեղավորում են հյուրանոցում, նրանց հետ աշխատում են ԱԻՆ-ի հոգեբանները:
Կազանի օդանավակայան, որտեղ աշխատում է օպերատիվ շտաբը, ժամանել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը:
Ինքնաթիռի ընկնելու վայրում որոնողական գործողությունն ավարտված է, հայտնաբերվել են բոլոր զոհվածների մարմինները, քննիչները զննում են օդանավի ընկնելու վայրը: Հետաքննչական կոմիտեն ստուգում է սկսել ինքնաթիռի վթարի փաստով: Քրեական գործ է հարուցված թռիչքների անվտանգության կանոնների խախտման մասին:
Ինչպես նշել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, քննության ընթացքում կստուգվեն հնարավոր բոլոր վարկածները, ներառյալ օդաչուների սխալը, տեխնիկական անսարքությունը եւ եղանակային պայմանները: Դրա հետ մեկտեղ, գործակալության՝ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով, հիմնական վարկածներն են՝ տեխնիկական անսարքությունը եւ օդաչուների հնարավոր սխալը: Boeing-ի աղետի պատճառ կարող էր դառնալ անորակ վառելիքը:
ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը մասնագետների խումբ է ուղարկել Ռուսաստան՝ օգնություն ցուցաբերելու Կազանում տեղի ունեցած ավիաաղետի հետաքննության գործում:
Aviation Safety Network կայքի տվյալներով՝ նախքան «Թաթարստան» ավիաընկերության կողմից 2008 թվականին գնվելն այդ ինքնաթիռը թռիչներ էր կատարել արդեն 23 տարի եւ պատկանել էր 5 տարբեր ընկերությունների՝ ֆրանսիական, ուգանդայական, բրազիլական, ռումինական եւ բուլղարական:
Boeing-ը 9 մլն դոլարով ապահովագրված էր «Ակ Բարս ապահովագրություն»-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում