Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Հալեպում և Հոմսում
Նմանատիպ
Սիրիայի բանակը հսկողություն է հաստատել Հալեպի գործարանային շրջանում, որը գտնվում է օդանավակայանի արևելքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, զինված խմբավորման բոլոր անդամները սպանվել են: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք: Բացի դրանից, բանակը կանխել է զինված խմբավորումների մուտքը Սեյֆ ա դ Դաուլա, ալ Իզաա, ալ Աշրաֆիե թաղամասեր:
Սիրիայի կառավարական ուժերը «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամների դեմ ուղղված պայքարում կարողացել են հսկողություն հաստատել Հոմսի Մուհին գյուղի վրա: Բախումների հետևանքով մեծ թվով զինյալներ են սպանվել: Բացի դրանից, բանակը պատրաստ է հսկողություն հաստատել Հոմսի ևս երեք գյուղերի վրա:
Դամասկոսում նոյեմբերի 18-ին կրկին պայթյուններ են որոտացել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ռումբեր են ընկել Կասսաա թաղամասի Մուասիմ հրապարակի վրա և Զաբլատանի թաղամասում: Նախնական տեղեկություններով’ զոհվել է 2 քաղաքացի, կան նաև վիրավորներ:
Ավելի վաղ նոյեմբերի 17-ին Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 զինծառայողներ են զոհվել: Զոհերի թվում, նախնական տեղեկություններով, երեք գեներալներ են եղել: Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Դիրա ալ Ասիմա» խմբավորումը, որը հանդես է գալիս Սիրիայի ազատ բանակի կողմից:
Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների ընթացքում զոհվել է շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 6 տասնյակ հայեր: Միլիոնավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում