Քուրդ առաջնորդը Թուրքիայի հարավարեւելյան շրջանները «Թուրքական Քուրդիստան» է անվանել
Նմանատիպ
Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտ) քաղաքապետ Օսման Բայդեմիրը Թուրքիայի հարավարեւելյան շրջանները «Թուրքական Քուրդիստան» է անվանել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քուրդ առաջնորդը հայտարարել է CNNTurk-ի ուղիղ եթերում ունեցած հարցազրույցում:
Անդրադառնալով նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի’ Դիարբեքիրում տեղի ունեցած հանդիպմանը եւ մամուլում հայտնված նրանց համատեղ լուսանկարին, Բայդեմիրն ասել է, որ իր ցանկությունն է, որ այդ լուսանկարում տեղ գտնեն նաեւ քուրդ առաջնորդներ Աբդուլլահ Օջալանը, Սալիհ Մուսլիմը եւ Ջալալ Թալաբանին (Իրաքի’ ազգությամբ քուրդ նախագահը): «Վստահ եղեք, որ նման դեպքում խաղաղություն կտիրի ոչ միայն թուրքական Քուրդիստանում, այլ նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում», -ասել է նա:
CNNTurk-ի այն հիշեցմանը, որ առաջին անգամ է օգտագործվում «Թուրքական Քուրդիստան» եզրույթը, Բայդեմիրն ասել է. «Եթե Քուրդիստանը կոչենք իր’ Քուրդիստան անունով, աշխարհը փուլ չի գա: Շնորհակալ եմ վարչապետ Էրդողանին’ Քուրդիստանը Քուրդիստան անվանելու համար: Այդ իրողություններից պետք չէ վախենալ: Ինչպես մինչ այժմ Հյուսիսային Իրաքը Քուրդիստան ենք անվանել, այսուհետեւ Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանը պետք է կոչենք «Թուրքական Քուրդիստան»«, -հայտարարել է Օսման Բայդեմիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում