ԱՄՆ-ը Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցություններում ճեղքում չի ակնկալում. Քերի
Նմանատիպ
ԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր փուլից, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Թեհրանի հանձնակատարների մասնակցությամբ այս շաբաթ ավելի ուշ սկսվելու Է Ժնեւում, ոչ մի «որոշակի ակնկալիք» չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Քերին ընդգծել Է, որ ԱՄՆ-ը տրամադրված Է բարեխղճորեն բանակցություններ վարելու Իրանի հետ, որպեսզի փորձի համաձայնության հասնել Թեհրանի միջուկային մշակումների հետ կապված ճգնաժամի կարգավորման առաջին փուլի շուրջ:
Նա նաեւ հայտարարել Է, որ Իրանի հետ հնարավոր համաձայնությունը սպառնալիք չէ Իսրայելի անվտանգության համար: «Կարող եմ հավաստիացնել բոլորին, ովքեր հետեւում են այդ գործընթացին, որ մեր կողմից ձեռնարկվող քայլերից ոչ մեկն, ըստ իս, որեւիցե լրացուցիչ վտանգ չի ստեղծում Իսրայելի համար: Իրականում այդ գործողությունները, մեր տեսանկյունից, նվազեցնում են այդ վտանգը: Այդ քայլերը նպաստում են Մերձավոր Արեւելքում համապարփակ կարգավորման հասնելուն»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Իրանի միջուկային խնդրի եւ Սիրիայի իրադրության շուրջ բանակցությունների նոր փուլերում, որոնք առաջիկա օրերին կայանալու են Ժնեւում, ամերիկյան պատվիրակությունը վերստին կգլխավորի ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ ՈՒենդի Շերմանը:
Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում այն կարծիքն Է հայտնել, որ Իրանի միջուկային հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել պատժամիջոցների օգնությամբ: «Պատժամիջոցների ճնշմամբ մենք ոչ մի հարց չենք լուծի, ոչ մի տեղ պատժամիջոցները արդյունք չեն տվել»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարը դեմ է արտահայտվել այն մտայնությանը, թե իբր «Իրանի մոտեցումներում դրական տեղաշարժերը, համաձայնության գալու նրա պատրաստակամությունը հնարավոր են դարձել միայն այն պատճառով, որ նա իր վրա զգում է պատժամիջոցների ճնշումը»: «Եկեք դա թողնենք պատմաբաններին: Դիվանագետներին ներելի չէ ներքաշվել նման անիմաստ խոսակցությունների մեջ, որովհետեւ այժմ մենք գործարքի հասնելու իրական հնարավորություն ունենք այդ բառի լավ իմաստով»,- նշել է Լավրովը: Հակառակ դեպքում, նրա խոսքով, իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման հնարավորությունը կարող է բաց թողնվել:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերի 20-ին Ժնեւում սկսվող հերթական հանդիպման մասնակիցները բանակցությունների սեղանին կունենան «կոնկրետ փաստաթղթեր, որոնք քննարկվել են նախորդ հանդիպմանը»:
«Այդ փաստաթղթերի կապակցությամբ կան «երեք գումարած երեք» խմբի (եվրոպական երեք երկրներ, ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան) մի շարք անդամների ինչ-ինչ ուղղումներ: Բայց, եթե մենք կոնցեպտուալ առումով ազնիվ ուղեգիծ վարենք, ապա բոլոր շանսերն ունենք հասնելու արդյունքի»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում