Հայաստանի տեսարժան վայրերը հայտնվել են եվրոպացի տուրիստների ուշադրության կենտրոնում

Այս օրերին Նիդեռլանդների Ոտրեխտ քաղաքում մեկնարկել է «Dutch Tourism Expo» միջազգային տուրիստական ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Hot Tours ապրանքանիշով հանդես եկող «Կասանդրա թուրս» ՍՊԸ-ն:

«Dutch Tourism Expo» -ն զբոսաշրջութայն ոլոտրում ամենասպասված ցուցհանդեսներից մեկն է, որտեղ լայնորեն ներակայցվում են հանգստի կազմակերպման համար լավագույն վայրերը: Սա զբոսաշրջիկների ամենասիրված ցուցահանդեսներից է, որի օգնությամբ նրանք կարողանում են տեղեկատվություն քաղել ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային ճանապարհորդությունների համար և կողմնորոշվել իրենց ապագա հանգստի կազմակերպման մեջ: Այս տարի ցուցահանդեսի մասնակիցների թիվը հասել է 200,000-ի:

Ինչպես Times.am-ի հետ զրույցում ասաց «Կասանդրա թուրս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Մխիթար Մելիք-Շահնազարյանը, ցուցահանդեսի ընթացքում իրենց կազմակերպությունը ներկայացրել է տուրիստական երկու ուղղություն՝ Հայաստանն ու Հունաստանը: «Եվրոպացի զբոսաշրջիկների համար տրադիցիոն հունական հանգստավայրերից զատ մենք առաջարկ ենք պատրաստել նաև Հայաստանում իրենց հանգիստը կազմակերպել ցանկացող անձանց համար: Եվ, պետք է ասեմ, որ մեր երկրի հանդեպ հետաքրքրությունը բավական մեծ է: Մեզ արդեն հաջողվել է կապեր հաստատել ցուցահանդեսի մասնակից այլ կազմակերպությունների հետ, որոնք շատ մոտ ապագայում կդրսևորվեն դեպի Հայաստան տուրիստների նոր հոսք ապահովելու տեսքով», – ասել է Մելիք-Շահնազարյանը:

Միջոցառման մասնակցում են ոչ միայն տարբեր երկրների տուրիստական գործակալություններ, այլև այնպիսի կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հանգստի կազմակերպաման և սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ:

Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել տարբեր ազգի ներկայացուցիչների և հատկապես լեռնային տուրիզմի սիրահարների շրջանում: Բազմաթիվ եվրոպացիների մոտ զարմանք է առաջացրել այն փաստը, որ Հայաստանն առաջին քրիստոնեա պետությունն է աշխարհում, ուստի շատերն են ցանկություն հայտնել տեսնելու հայկական հին սրբավայրերը, խաչքարները և եկեղեցիները:

Ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում