«Վեցյակը» եւ Իրանը վերսկսում են փոխզիջումների որոնումը

Միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Ժնեւում Իրանի հետ կշարունակի բանակցությունները երկրի միջուկային ծրագրի շուրջ: Լիաֆորմատ բանակցություններին կնախորդի Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, «վեցյակի» համակարգող Քեթրին Էշթոնի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 7-9-ին: Այն ժամանակ կողմերը լրջորեն խոսեցին համաձայնության հասնելու հնարավորության մասին: Փաստաթուղթը, որը կարող էր պատմական դառնալ, չընդունվեց, սակայն կողմերը նշեցին առաջընթացը եւ ընդգծեցին, որ համաձայնության հասնելը հնարավոր է:

Վերջնական նպատակը հայտնի է՝ բանակցորդներն Իրանից պահանջում են ապացուցել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: Փոխարենը նրանք պատրաստ են մեղմացնել միջազգային պատժամիջոցները: Այժմ կողմերը փորձում են գործնականում հասնել դրան:

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը նախօրյակին Թեհրանում հայտարարել Է, թե Իրանը հուսով Է, որ «վեցյակի» հետ բանակցությունների նոր փուլի արդյունքում կհասնի պատժամիջոցների վերացման: «Հուսով ենք, որ բանակցությունների նոր փուլն արդյունավետ կլինի, քանի որ բանակցություններում Թեհրանի դիրքորոշումը հիմնված Է բարի կամքի եւ հաստատ վճռականության վրա,-ասել Է նա:-Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքում մյուս կողմի բոլոր կասկածները կփարատվեն, եւ իրանական ժողովրդի իրավունքները կճանաչվեն»:

Մինչդեռ, ինչպես հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Վաշինգտոնը Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր փուլից, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Թեհրանի հանձնակատարների մասնակցությամբ տեղի Է ունենալու Ժնեւում, ոչ մի «որոշակի ակնկալիք» չունի: Դրա հետ մեկտեղ Քերին ընդգծել Է, որ ԱՄՆ-ը տրամադրված Է բարեխղճորեն բանակցություններ վարելու Իրանի հետ, որպեսզի փորձի համաձայնության հասնել Թեհրանի միջուկային մշակումների հետ կապված ճգնաժամի կարգավորման առաջին փուլի շուրջ:

Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում այն կարծիքն Է հայտնել, որ Իրանի միջուկային հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել պատժամիջոցների օգնությամբ: «Պատժամիջոցների ճնշմամբ մենք ոչ մի հարց չենք լուծի, ոչ մի տեղ պատժամիջոցները արդյունք չեն տվել»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարը դեմ է արտահայտվել այն մտայնությանը, թե իբր «Իրանի մոտեցումներում դրական տեղաշարժերը, համաձայնության գալու նրա պատրաստակամությունը հնարավոր են դարձել միայն այն պատճառով, որ նա իր վրա զգում է պատժամիջոցների ճնշումը»:

«Եկեք դա թողնենք պատմաբաններին: Դիվանագետներին ներելի չէ ներքաշվել նման անիմաստ խոսակցությունների մեջ, որովհետեւ այժմ մենք գործարքի հասնելու իրական հնարավորություն ունենք այդ բառի լավ իմաստով»,- նշել է Լավրովը: Հակառակ դեպքում, նրա խոսքով, իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման հնարավորությունը կարող է բաց թողնվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում