Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, հուսով եմ, որ կլինի. Կիրո Մանոյան
Նմանատիպ
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը կարող է մոտ ժամանակներում հանգեցնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը: Այդ մասին նոյեմբերի 20-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Հույս ունեմ, որ մենք ինչ-որ բան ստացանք այս հանդիպումից: Այլապես, իսկապես, հանդիպման կարիքը չէր լինի: Ինչ-որ բանը, պարզ ասած, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, հուսով եմ, որ կլինի: Այսինքն, մի քանի շաբաթից մենք արդեն կկարողանանք դեպի Ստեփանակերտ թռչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանոյանը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպել են նոյեմբերի 19-ին Վիեննայում: Առանձնազրույցից հետո նախագահներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարները’ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը:
Համանախագահները հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել են, որ նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը: Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում