Հալեպի հայաշատ թաղամասում հրթիռ է ընկել
Նմանատիպ
Հալեպի հայաշատ Ազիզիե թաղամասում նոյեմբերի 19-ի կեսօրից հետո հրթիռ է ընկել մեքենայի վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Բերիո լուրեր ֆեյսբուքյան էջից: Դեպքը տեղի է ունեցել «Ալթունյան» հիվանդանոցի մերձակայքում: Բարեբախտաբար, հրթիռը չի պայթել, սակայն ուժգին հարվածից հալեպցի կին է զոհվել, ևս մի քանի հոգի վիրավորվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ազիզիե թաղամասը երթևեկության առումով աշխույժ շրջան է:
Սիրիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Հալեպի կյանքը բնականոն հունին վերադարձնելու համար: Թեպետ ոչ ամբողջովին, սակայն քաղաքում էլկետրականությունը աստիճանաբար վերականգնվում է:
Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հալեպում սիրիական բանակը վերջին մի քանի օրերին հաջողություն է գրացնել, մասնավորապես’ Սաֆիրա, Թել Հասել և Թել Արն գյուղերում: Այդուհանդերձ, դեռ շարունակվում են բախումները քաղաքի որոշ թաղամասերում և օդանավակայանի շրջակայքում:
Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների ընթացքում զոհվել է շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ հայեր: Միլիոնավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում