ՌԴ-ն 5 հազար սիրիահայերի պարենային օգնության է ցուցաբերել
Նմանատիպ
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը» ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նոյեմբերի 20-ին սկսեց սիրիահայերի համար նախատեսված պարենային վեցամսյա ծրագրի իրականացումը: Այն ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: Ծրագրից կօգտվեն 5 հազար կարիքավոր սիրիահայեր, ովքեր 6 ամիս շարունակ կստանան ամսական 16 կգ պարենամթերք: «Ծրագրի սկզբում նախատեսված էր տրամադրել 30 կգ-անոց զամբյուղներ, սակայն վերջում ստացվեց ավելի պակաս: Զամբյուղը ներառում է ալյուր, բրինձ, ոլոռ, ձեթ և մակարոն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի ղեկավար Լենա Հալաջյանը:
Նա վստահեցրեց, որ պարենային ծրագրից կօգտվեն սիրիական անձնագիր ունեցող կարիքավոր շուրջ 2 հազար 200 ընտանիք: «Աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ մեկ ամսվա մեջ անհատը չի կարող երկու անգամ այդ զամբյուղն ստանալ, սակայն այդ 5 հազար սիրիահայերից յուրաքանչյուրը վեց ամիս շարունակ կստանա 16 կգ-անոց պարենային զամբյուղ»,- նշեց Հալաջյանը:
ՍՀՀԿ-ն սննդի բաշխումը կիրականացնի յուրաքանչյուր ամսվա 15-ից սկսած, և օրեկան կսպասարկի մոտ 150 անհատի:
ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը նշեց, որ պարենային վեցամսյա ծրագրի իրականացման գործում ՄԱԿ-ը մեծ ներդրում է ունեցել: Իրենք դեռ անցյալ տարվանից են սկսել զբաղվել այս առաջնային հարցով: «Այս ծրագիրը ծնվել է մեր գրասենյակի միջոցով: Սակայն սրան զուգահեռ ՄԱԿ-ը մեկ այլ նախաձեռնությամբ նույնպես հանդես եկավ: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ միասին շուրջ 500 ընտանիքի տրամադրում ենք կաթնամթերք, և թխվածքաբլիթներ»,- նշեց Հայրապետյանը:
Սիրիահայ Հակոբ Հովհաննիսյանն, ով եկել էր ստանալու իր ընտանիքի զամբյուղը, նշեց, որ այն շատ կարևոր է իրենց համար, քանի որ իր ընտանիքը բազմանդամ է: «Ապրում եմ կնոջս, երեխաներիս, մայրիկիս ու զարմուհուս հետ: Փոքրիկս երկու ամսական է, ինձանից շուտ երևանցի դարձավ»,- նշեց Հակոբը’ ավելացնելով, որ մեկ տարուց ավելի է’ Հայաստանում է ապրում, սակայն 5 ամիս է’ չի աշխատում:
Այս պահին Հայաստանում ապրում է մոտ 11 հազար սիրիահայ, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մոտ երկու տարում ավելի քան 16 հազար սիրիահայ է եկել Հայաստան, իսկ հետո նրանց մոտ 1/3-ը վերադարձել է Սիրիա, մի փոքր մասը’ մեկնել Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել 1000-ից ավելի սիրիահայ, և բոլորն ապահովվել են աշխատանքով, հետագայում աշխատանքի հրավիրելով նաև իրենց հարազատներին ու մտերիմներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում