Ադրբեջանը դադարեցնում է նավթի մատակարարումը արտասահմանյան շուկաներ
Նմանատիպ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հաջորդ տարվանից դադարեցնելու է իր արդյունահանած նավթի մատակարարումն արտասահմանյան շուկաներ: Այս մասին հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Դավիդ Մամեդովը’ Բաքվում անցկացվող Կասպյան-Եվրոպական ներդրումային գործարար ակումբի նիստում:
Դավիդ Մամեդովը հայտարարել է, որ SOCAR-ն արդեն դադարեցրել է համաշխարահային շուկաներ բենզինի արտահանումը, ինչը կապված է ներքին շուկայում բենզինի նկատմամբ պահանջարկի աճով եւ Ադրբեջանում բենզինի պակասով:
Նա խոստովանել է, որ SOCAR-ը դժվարություններ է կրում արտասահմանում իր լցակայանները բենզինով ապահովելու գործում: «Արդյունքում, մենք ստիպված բենզին ենք գնում համաշխարհային շուկաներում: Դրանից ելնելով, որոշվել է դադարեցնել ընկերության կողմից արդյունահանվող նավթի արտահանումը, որպեսզի այդ նավթի հաշվին ներքին շուկայի պահանջարկը բավարարող քանակի բենզին արտադրենք»,- ասել է նա:
Կայքը հայտնում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում արդյունահանվող նավթի ծավալները, պաշարների պակասելու պատճառով, զգալիորեն կրճատվել են ինչպես «Բրիթիշ փեթրոլիումի» կողմից շահագործվող Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքահորում, այնպես էլ SOCAR-ի հանքահորերում: SOCAR-ի փոխնախագահը հայտնել է, որ այս տարի եւս նավթի արդյունահանման ծավալը նվազելու է, ինչի պատճառով ստիպված են բարձրացնել բենզինի եւ վառելիքի գները, որպեսզի հնարավոր լինի կոմպենսացնել ընկերության անխուսափելի ֆինանսական կորուստները:
SOCAR-ի’ նավթի արտահանման դադարեցումը անխուսափելիորեն կբերի նաեւ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի կանգառին: Դավիդ Մամեդովը չի բացառել, որ հնարավոր է’ հետագայում ընկերությունն այդ նավթամուղով նավթ գնի Ռուսաստանից: «Բոլոր դեպքերում, այսուհետեւ Ադրբեջանից նավթը արտահանվելու է միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) եւ Բաքու- Սուպսա խողովակաշարերով»,-ասել է նա:
Ադրբեջանական լրատվամջջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքու-Նովոռոսիյսկ խողոկավաշարով ռուսաստանյան նավթը ԲԹՋ խողովակաշարով Թուրքիայի վրայով փոխադրել միջազգային շուկաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում