Հայաստանը ԱՄՆ-ից վիզային ազատ ռեժիմ և 180 մլն դոլարի ներդրում կստանա
Նմանատիպ
Ամերիկյան Contour Global ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում 180 մլն դոլարի ներդրում կատարել, որը իր մեծությամբ կարող է դառնալ առաջին խոշոր ներդրումը, որ կատարում է ԱՄՆ մասնավոր հատվածը Հայաստանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԱՄՆ պետդեպերտամենտի պաշտոնական կայքը, հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի համար։ Ազատականացման արդյունքում ամերիկացիները կկարողանան Հայաստան գալ առանց վիզաների, իսկ հայերի համար կսահմանվեն 10-ամյա բազմակի օգտագործման մուտքի արտոնագրեր։ Կողմերը շեշտել են, որ դրա նպատակն է հասնելու վիզային ազատ ռեժիմի, որն էլ հնարավորություն կտա խորացնելու տնտեսական կապերը, ավելացնելու ներդրումներն ու կրկնապատկելու առևտուրը։
Ձեռք բերված պայմանավորվածություններն ուրախությամբ է ընդունել Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, որը ողջունել է ԱՄՆ-Հայաստան տնտեսական բանակցության արդյունքները և իր ակնկալիքները հայտնել համագործակցության հետագա զարգացումից։ «Մենք ողջունում ենք այսօրվա հանդիպումը որպես դրական շարժ ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների պատմության մեջ։ Այն կենտրոնացրեց ուշադրությունը գործնական քայլերի խթանման, կայուն երկկողմ առևտրի և ներդրումային գործընկերության վրա։ Մեր երախտագիրտությունն ենք հայտնում բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր սկսեցին այս գործընթացը։ Ուշադիր կհետևենք այսօրվա որոշումներին՝ սպասելով հայ-ամերիկյան բարեկամության հետագա արդյունքներին»,-ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը։
Մեկնաբանելով Հայ դատի ամերիկյան հանձնախմբի հայտարարությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ Ամերիկան և Հայաստանը շարժվում են դեպի ավելի հասուն հարաբերություններ՝ հեռանալով դոնոր-ռեցիպիենտ մոդելից և կենտրոնանալով համագործակցության մոդելի վրա, որը չի ներառում աջակցություն։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Կարեն Հիլիարդը ևս կիսել է Հայ Դատի հանձնախմբի այն տեսակետը, որ հանդիպումը շատ ջերմ էր, արդյունավետ և փոխշահավետ։ Նա մասնավորապես կարևորել է ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը ավիացիայի ազատականացման ոլորտում, որն, ըստ նրա, հսկայական ազդեցություն ունի զբոսաշրջության և միջսահմանային առևտրի զարգացման համար։ Նա հավելել է, որ հիմնականում ուշադրությունը կկենտրոնացվի էներգետիկ դիվերսիֆիկացման և ջրային ռեսուրսների պահպանման վրա։ «ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ռաջիվ Շահն ընտրել է Հայաստանը որպես 20 ֆոկուս պետություններից մեկը՝ գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման համար։ Մենք պայմանավորվել ենք կենտրոնանալ նաև էներգետիկայի եւ ջրային ոլորտներում։ Կարծում եմ այս ջանքերն օգտակար կլինեն Հայաստանի համար ապագայում»,-ասել է Հիլարդը։
Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում այցելությամբ Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 21-ին հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նյուլանդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալն իր հայ պաշտոնակցին վստահեցրել էր, որ Միացյալ Նահանգնե րը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ երկրի տնտեսական զարգացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում