Ալիևը «Մամուլի բարեկամ» պարգևի է արժանացել
Նմանատիպ
Ադրբեջանում երբեմնի անկախ Լրագրողների իրավունքների պաշտպանության RUH կոմիտեն կիրակի նախագահ Իլհամ Ալիեւին «Մամուլի բարեկամ» պարգև է հանձնել: Պարգեւը Ալիեւին հանձնվել է աշխատանքային տեղում ոչ աշխատանքային օրը իշխանամետ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ը հայտնում է, որ Ալիեւին’ իր նախագահության 10 տարիներին այդ կոչմանը երկրորդ անգամ արժանացնելը օրինաչափ է: Այնպես, ինչպես մինչեւ 2010 թ-ը, երբ նրա կառավարման տարիները նշվել են լրագրողների սպանությամբ, մամուլի տնտեսական ազատության ոչնչացմամբ, հեռուստատեսության նկատմամբ ամբողջական վերահսկողությամբ, վերջին երեք տարվա ընթացքում այդ պրակտիկան շարունակվել է: Բաքվում սպանվել է հրապարակախոս Ռաֆիկ Թաղին, տասնյակ լրագրողներ եւ բլոգերներ ձերբակալվել են, ոչ շատ հնազանդ լրատվամիջոցներ ենթարկվել են դատական հետապնդումների:
«Ալիեւի արժանիքն այն է, որ նա երկրում վերջապես կարողացել է ստեղծել մամուլի միջավայրում վախի համապարփակ մթնոլորտ: Մամուլի իրավունքների ինստիտուտի տվյալներով’ 2012 թ-ին Ադրբեջանում լրագրողները, նվազագույնը 60 անգամ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման, սպառնալիքների, հետապնդման, ապօրինի ձերբակալությունների, տեխնիկական խոչընդոտների են ենթարկվել, 10 լրագրող ձերբակալվել է, անվանարկության 35 հայց է ներկայացվել:
2012 թ-ին Ադրբեջանում «խիստ» փոփոխություններ են մտցվել տեղեկատվություն ստանալու, իրավաբանական անձանց պետական գրանցման եւ կոմերցիոն գաղտնիքի մասին օրենքներում: Այդ փոփոխությունների համաձայն’ արգելվել է առանց անձի համաձայնության ձայնագրություններ եւ տեսագրություններ կատարել, կոմերցիոն գաղտնիքին են վերագրվել իրավաբանական անձանց մասին ռեեստրային տեղեկությունները: Վերջին նորամուծությունը առանձնապես դժվարացրել է լրագրողական հետազոտությունների անցկացումը:
2013 թ-ին իրավիճակն ավելի է վատացել: Տարվա առաջին կեսին լրագրողների դեմ 36 դատական հայց է ներկայացվել: Գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական ճնշման 47 դեպք: Վատացել է պետական մարմիններում տեղեկատվություն ստանալու վիճակը. 50 հարցումից միայն 5-ի պատասխան է ստացվել:
Անվանարկման ապաքրեականացման մասին կոչերին ի պատասխան’ Իլհամ Ալիեւը հունիսին ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին» օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ինտերնետում տարածված զրպարտանքի եւ վիրավորանքների համար:
Տարբեր միջազգային կառույցների զեկույցների համաձայն, որոնց մեջ են մտնում նաեւ ոչ կառավարական կազմակերպությունները եւ ԵԱՀԿ-ն, Իլհամ Ալիեւի կառավարման տարիների ընթացքում Ադրբեջանը նկատելիորեն ետ է գլորվել խոսքի ազատության ոլորտում: Երկիրը մտել է ոչ ազատ երկրների ցուցակ, Ալիեւը բազմիցս անվանվել է «մամուլի գիշատիչ»«,- գրում է «Թուրան»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում