Օբաման չի ընդունի Ցեղասպանությունը. հայ համայնքը ցույց է կազմակերպելու Օբամայի դեմ
Նմանատիպ
Ցուցարարները կօգտվեն ԱՄՆ նախագահ Օբամայի’ Հարավային Կալիֆորնիա ծրագրված ուղևորության հնարավորությունից’ ընդգծելու, որ նա հրաժարվում է կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը: Այս մասին գրում է The Washington Times-ն’ անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության գորգը Սմիթսոնյան ինստիտուտում ցուցադրելու արգելքին:
«ԱՄՆ-ի նախորդ երեք նախագահների օրինակով Բարաք Օբաման ևս 2008 թվականին’ նախըտրական քարոզարշավի ժամանակ, խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց ընտրվելուց հետո հրաժարվել է այդ իրադարձությունները «ցեղասպանություն» կոչել, ինչը կզայրացներ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային: «Ցեղասպանություն» բառը միջազգային իրավական տերմին է, որն ինչպես խորհրդանշական իմաստ ունի, այնպես էլ հատուկ պարտավորություններ է դնում այլ պետությունների և պատժիչ միջոցառումներ այն իրակացրած երկրի վրա»,- գրում է The Washington Ti mes-ը:
Թուրքիան չի ժխտում, որ այդ ժամանակաշրջանում շատ հայեր են սպանվել իր զինված և խորհրդարանական ուժերի գործողությունների հետևանքով, բայց կտրականապես հրաժարվում է «ցեղասպանության» պատասխանատվությունից և զգուշացրել է, որ պաշտոնական ճանաչմանն ուղղված ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլ կվտանգի հարաբերությունները Թուրքիայի հետ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը միջոցառում է կազմակերպել Գլենդեյլում’ Օբամային կոչ անելով թույլատրել Հայոց ցեղասպանության գորգի ցուցադրությունը, որ գործել էին հայ որբուհիները և 1925 թվականին նվիրել ԱՄՆ նախկին նախագահ Քելվին Քուլիջին: «Սպիտակ տունը պետք է պարզապես անկեղծանա: Ժամանակն է, որ Սպիտակ տունը խոստովանի Թուրքիայի ունեցած դերակատարությունը և ներկայացնի գորգի ցուցադրությունն արգելելու բոլոր փաստարկները»,- այս կապակցությամբ ասել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Սպիտակ տանն ուղղված նամակում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը մեջբերել էր նախագահ Քուլիջի խոսքերը. «Գորգն իր պատվավոր տեղն ունի Սպիտակ տանը, ուր այն կլինի աշխարհում բարի կամքի ամենօրյա խորհրդանիշը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում