ԱՄՆ-ը Իրանի հարցում չի կարող փակել դիվանագիտության դռները. Օբամա
Նմանատիպ
ԱՄՆ-ը Իրանի հարցում չի կարող փակել դիվանագիտության դռները: Նախագահ Բարաք Օբաման այսպես է պատասխանել Իսրայելի կողմից Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների քննադատությանը:
«Մենք չենք կարող փակել դիվանագիտության դռները եւ չենք կարող բացառել միջազգային հիմնախնդիրների խաղաղ լուծումը: Քաղաքական տեսանկյունից՝ գուցեեւ ավելի դյուրին է կոշտ բանակցություններ վարելը եւ ինքնագովությամբ զբաղվելը, բայց դա ճիշտ չէ ԱՄՆ-ի անվտանգության համար»,- ընդգծել է Օբաման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
ԱՄՆ-ի նախագահը նաեւ սկզբունքային եւ օբյեկտիվ է որակել Ժնեւում միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ կայացած բանակցությունները:
Ավելի վաղ նախագահ Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին առաջարկել է անհապաղ կոնսուլտացիաներ սկսել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի շուրջ: Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իսրայելին տեղեկացնել վեց ամսվա ընթացքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության «համապարփակ կարգավորման» հասնելու մտադրության մասին, ինչը նախատեսված է Ժնեւի համաձայնությամբ: Բացի այդ, Օբաման հավաստել է Իսրայելի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ-ի պարտավորությունը:
Իսրայելը, ի տարբերություն ուրիշ շատ երկրների, խիստ քննադատության է ենթարկել Ժնեւում Իրանի հետ կնքված համաձայնագիրը: Նաթանյահուն հայտարարել է, որ այն համարում է «ոչ թե պատմական գործարք, այլ պատմական սխալ»: «Այն աշխարհը վերածում է շատ ավելի վտանգավոր վայրի, քանի որ ամենավտանգավոր ռեժիմն էական քայլեր է կատարում ամենավտանգավոր զենքի ստեղծման ուղղությամբ», հավելել է վարչապետը:
Մինչդեռ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը նույն նպատակն ունեն, եւ ձեռք բերված համաձայնությունն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել:
Քերին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնությունը Մերձավոր Արեւելքը կդարձնի ավելի անվտանգ տարածաշրջան:
Հինգ օր Ժնեւում շարունակված լարված բանակցությունների արդյունքում աշխարհի վեց առաջատար տերություններն ու Իրանը նոյեմբերի լույս 25-ի գիշերը պատմական համաձայնության են հասել միջուկային հիմնախնդրի շուրջ:
Բարաք Օբաման ձեռք բերված պայմանավորվածությունները համարել է առաջին, բայց կարեւոր քայլ, որը ճանապարհ է բացում համաշխարհային հանրակցությանը հուզող հարցերի ողջ համալիրի շուրջ հետագա բանակցությունների համար:
«Դիվանագիտությունը ճանապարհ հարթեց դեպի ավելի անվտանգ աշխարհ»,- հայտարարել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում