Էրդողանը փակում է արդի իսլամի գաղափարակիրների դասընթացները
Նմանատիպ
Թուրքիայի իշխող իսլամամետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օրենսդրական նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է եկող տարվա սկզբից Թուրքիայի տարածքում դադարեցնել «Դերսհանե»-ների ցանցի գործունեությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Դերսհանեն նախապատրաստական ուսումնական հաստատությունների ցանց է (դասընթացներ), որ 10 տարուց ավելի գործում է Թուրքիայում:
Այդ նպատակով բազմաթիվ ուսումնական այդ հաստատությունները նաեւ համարվում են արդի իսլամի գաղափարակիրների` նուրականների (նուրջուլար) ընդհատակյա ցանց, որը վերահսկվում է իսլամի` այդ աղանդի ղեկավար Մուհամեդ Ֆեթուլլա Գյուլենի կողմից (կենտրոնակայանը Փենսիլվանիա` ԱՄՆ): Տվյալ օրինագիծը, որը թուրքական կառավարության կողմից ներկայացվել է որպես կրթության բարեփոխում, բախվել է Թուրքիայի իշխանության վերին շրջանակների դաժան դիմադրությանը: Գաղտնիք չէ, որ թուրքական վերնախավի զգալի մասը նուրականների աղանդի հետեւորդներ են:
Դերսհանեները, փաստորեն, հանդիսանում են նուրականների կադրերի դարբնոց: ԱՄՆ-ից հովանավորվող այդ ուսումնական հաստատությունները բացվել են թուրք երիտասարդների համար: Այստեղ ավագ դպրոցների երիտասարդությանը դպրոցն ավարտելուց նվազագույնը մեկ տարի առաջ պատրաստում են թուրքական բուհեր ընդունվելու համար, եւ դրա հետ միասին նրանց մեջ գաղափարական աշխատանքներ տանում իսլամի արդի ուղղության շուրջ: Դերսհանեները ոչ միայն դիմորդներ են պատրաստել, այլ նաեւ ապագա գործարարներ, պատգամավորներ, նախարարներ, որոնք դարձել են նուրականների աղանդի հետեւորդներ:
Միանշանակ է, որ դա կրթության անսովոր բարեփոխում է եւ արմատական իսլամի հետեւորդ Էրդողանի կողմից Ֆեթուլլահ Գյուլենին նետված մարտահրավեր, որի ազդեցությունը Թուրքիայում հասել է գագաթնակետին` շրջանցելով անգամ Էրդողանին: Թուրքական «Թարաֆ» թերթը հայտնում է, որ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման գործունեության դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին որոշումը ԱԶԿ իշխանությունն ընդունել է Ազգային անվտանգտության խորհրդի 2004 թ. օգոսոտսի 25-ին տեղի ունեցած նիստում: Այդ որոշումը ստորագրել են այն ժամանակվա նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը, վարչապետ Էրդողանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքը եւ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը եւ եւս 5 նախարարներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում