Բաղդադը վետո է դրել Իրաքյան Քուրդիստանի հետ Թուրքիայի ստորագրած համաձայնագրերին
Նմանատիպ
Թուրքիան շրջանցել է Իրաքի կենտրոնական կառավարությանը եւ ուղիղ բանակցությունների արդյունքում Հյուսիսային Իրաքից Թուրքիա էներգակիրներ փոխադրելու վերաբերյալ 6 համաձայնագիր է ստորագրել իրաքյան Քուրդիստանի հետ: Համաձայնագրերը նոյեմբերի 28-ին Անկարայում ստորագրել են Թուրքիայի եւ Քուրդիստանի վարչապետներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Նեչիրվան Բարզանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ռադիկալ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ Թուրքիայի եւ Քուրդիստանի միջեւ համաձայնագրեր ստորագրվելու մասին պաշտոնական հաղորդագրություն չի արվել Բաղդադից եւ ԱՄՆ-ից հնչած խիստ արձագանքի պատճառով: Պաշտոնական Բաղդադը վետո է դրել այդ համաձայնագրերի իրագործմանը եւ հայտարարել, որ դրանք անպայման պետք է համաձայնեցվեն Իրաքի կենտրոնական կառավարության հետ:
Թերթը գրում է, որ թեեւ թուրքական կողմը Էրբիլի հետ ստորագրած փաստաթղթերը «համաձայնագրեր» է անվանում, սակայն, իրականում դրանք «համաձայությունների» ձեւաչափի են:
Թուրքական ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել էին, որ Իրաքի կառավարությունը զգուշացրել է Թուրքիային իրաքյան Քուրդիստանի հետ չստորագրել համաձայնագիր Հյուսիսային Իրաքից էներգակիրների եւ նավթի փոխադրման նոր խողովակաշար կառուցելու մա: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի խոսնակ Մուսավին հայտարարել էր, որ Քուրդիստանի հետ նավթային խողովակաշարի համաձայնագրի ստորագրմանն իրենց դեմ լինելու մասին տեղեկացրել են Բաղդադում Թուրքիայի դեսպանին: «Նման համաձայնագիրը լուրջ վնաս կհասցնի Բաղդադ-Անկարա հարաբերություններին»,- ասել էր նա:
Այդ հայտարարությունը Բաղդադն արել էր Անկարայում գտնվող իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի’ «Եկող ամիս կարող ենք բացել խողովակաշարը» հայտարարությունից անմիջապես հետո:
Հյուսիսային Իրաքի նավթը Թուրքիա փոխադրող նոր խողովակաշարի հետ կապված Էրբիլի հետ համաձայնություն ձեռք բերվելու առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ առանց Իրաքի դաշնային կառավարարության թույլատրության, իրենք չեն համաձայնի Իրաքի որեւէ հատվածից նավթի արտահանմանը: «Մենք կոչ ենք անում Իրաքի դաշնային կառավարությանը եւ քրդական ինքնավարության ղեկավարությանը այդ հարցում լուծում գտնել սահմանադրության շրջանակում»,- ասել է նա:
Ներկայում Իրաքից նավթ Թուրքիա փոխադրվում է Կիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարով:
Իրաքի կենտրոնական կառավարության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվել են 2012 թ-ի մայիսից, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, առանց տեղեկացնելու պաշտոնական Բաղդադին, այցելել էր Էրբիլ’ ուղիղ բանակցություններ վարելու Թուրքիա նոր նավթային խողովակաշար անցկացնելու մասին: Բացի դրանից, Թուրքիան ապաստան է տվել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ Հաշիմիին, ում նկատմամբ երկրում էթնիկ բախումներ հրահրելու մեղադրանքով Իրաքի գերագույն դատարանը մահապատժի վճիռ է կայացրել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի քրդական ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ երեկ Անկարայում ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակում այցելել Բաղդադ եւ Էրբիլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում