Ադրբեջանցիներն առաջարկում են գլխատել Լարի Քինգին
Նմանատիպ
Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցների եւ համացանցային ֆորումների կիզակետում ամերիկացի հայտնի հաղորդավար Լարի Քինգն է: Ադրբեջանցիների մի մասին բարկացրել է, իսկ ոմանց ազգային արժանապատվությանը հարված է հասցրել այն նորությունը, որ ամերիկյան հայտնի հաղորդավարը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին խոստացել է այցելել Արցախ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ադրբեջանական ամենախոշոր ֆորումում’ disput.az-ում, մի քանի հարյուր մեկնաբանություն կա Լարի Քինգի’ Արցախ այցելության ցանկության մասին: «Ինչպես տեսնում ենք’ «սեւ ցուցակը» չի օգնում: Այս դեպքում ի՞նչ պետք է անել: Սա շատ կարեւոր հարց է»,- նշում է ֆորումի մոդերատորը, ում քննարկման մասնակիցներն ամենաանհավանական առաջարկություններ են ներկայացնում: Ադրբեջանցիների մեծամասնությունն առաջարկում է Լարի Քինգին գնդակակահարել, մի մասն էլ կարծիք է հայտնում, որ սպանությունը պետք է լինի առանձնակի դաժանությամբ’ օրինակ գլխատելու եղանակով, որպեսզի մյուսները հասկանան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն կատակներ չի անում, իսկ Ադրբեջանի հասարակությանը դուր չեն գալիս Ղարաբաղ այցելությունները:
«Գուցե մենք ստեղծենք այնպիսի կազմակերպություն, ինչպիսին իսրայելական «Մոսադ»-ն է, եւ գնդակահարենք բոլոր այն անձանց, ովքեր այցելել են Ղարաբաղ: Այս կերպ մենք կպահպանենք մեր երկրի պատիվը»,- առաջարկում է օգտատերերից մեկը:
Գրեթե նույն տրամաբանությունն ունի նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը: Դեռեւս հաստատ չէ’ Լարի Քինգը կայցելի Ղարաբաղ, թե ոչ, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները ամերիկացի հաղորդավարին արդեն ընդգրկում են Ադրբեջանի համար անցանկալի անձանց «սեւ ցուցակում»: Ոմանք էլ հույս են հայտնում, թե Ղարաբաղ այցելությունից հետո Քինգը կհայտարարի, որ նախորդ տարի Բաքու կատարած այցն ավելի հետաքրքրական էր:
Minval.az, newsazebaijan.ru կայքերն էլ Լարի Քինգին հիշեցրել են Ադրբեջանի ԱԳՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղ այցելությունների կապակցությամբ. «Մենք հիշեցնում ենք Լարի Քինգին, որ Լեռնային Ղարաբաղ այցելողներն ընկնում են Ադրբեջանի «սեւ ցուցակի« մեջ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ անձանց է ընդգրկել իր «սեւ ցուցակում»: Ըստ որոշ աղբյուրների’ ցուցակում հաշվառված է ավելի քան 335 մարդ: Այսպես կոչված, «հայերի բարեկամների սեւ ցուցակում» հայտնված անձինք իրավունք չունեն այցելել Բաքու: Սակայն Բաքուն չտեսնելու «սպառնալիքը» որեւէ կերպ չի ազդել համաշխարհային մեծության աստղերի, գիտնականների, մտավորականների ու հասարակական-քաղաքական գործիչների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն Արցախ այցելությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում